Логотип

Շահրամանյան․ Արցախ վերադարձի հարցը միայն արցախցիների հարցը չէ, այլ հայկական հարց է

Արցախ վերադարձի հարցը միայն արցախցիների հարցը չէ, այլ հայկական հարց է։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մենք ակնկալում ենք, որ այս հարցի շուրջ կունենանք կոնսենսուս, որն այս պահին, ցավոք, չկա։ Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, սրբություններից։ Մենք համարում ենք, որ վաղ թե ուշ այս ամենը համապատասխան գնահատական ստանա»,– ընդգծեց Շահրամանյանը։

Նա հիշեցրեց, որ արցախցին իր ամենաթանկն է վճարել, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր գոյություն ունենա։

«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով այսօր մենք հայրենազրկվել ենք ու մեզնից մեծ մասը` որպես մշտական ապրելավայր, ապրում է ՀՀ–ում, որը մենք համարում ենք մեր հայրենիքը»,– նշեց Շահրամանյանը։

Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարության հարցին` նա նշեց, որ ՀՀ իշխանություններն իր հետ չեն հանդիպել ու քննարկում չեն ունեցել։

«Ես միայն կապի մեջ եմ եղել ՀՀ ԱԱԾ այդ ժամանակվա պետ Արմեն Աբազյանի հետ։ Նրա հետ ենք փորձել որոշակի կարգավորումներ ունենալ»,– ավելացրեց նա։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա