Կրկին անգամ գործ ունենք բացահայտ փաստերի խեղաթյուրման հետ հատուկ մեկ նպատակով, կրկին անգամ շարունակում են սխալ համեմատականներ տանել, որպեսզի մեր ժողովրդի մոտ վատ կարծիք ստեղծեն ՀԷՑ ՓԲ ընկերության մասին։
Գրված է Հանրային հսկող ֆեյսբուքյան էջում։
«Տեղեկացնում ենք հստակ փաստերով, որ ՀԷՑ ՓԲԸ կողմից վարձակալած տարածքը եղել է 4,000 քմ ուղղակի տարածք և 941,92քմ շենք շինություն (ընդհանուր 4 941,92 քմ), իսկ կապալառուի կողմից ՀԷՑ ՓԲ ընկերությունից վարձակալված տարածքը եղել է ընդամենը 263 քմ, իհարկե շատ նմանատիպ տարածքներ են:
Կրկին անգամ գործ ունենք բացահայտ փաստերի խեղաթյուրման հետ հատուկ մեկ նպատակով, կրկին անգամ շարունակում են սխալ համեմատականներ տանել, որպեսզի մեր ժողովրդի մոտ վատ կարծիք ստեղծեն ՀԷՑ ՓԲ ընկերության մասին, նաև բազմիցս ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ, ըստ որոնց նշված ծախսերը ներառված չեն գործող սակագնի մեջ, և տվյալ վարձակալության վճարը կատարվում է սեփականատիրոջ կողմից՝ սեփական ֆինանսական միջոցներով: Վատ է, որ շուրջ 7 ամիս անց, համապատասխան պատասխանատու անձանց այդ տեղեկությունը դեռ հասանելի չէ:
Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը և տեխնիկական հնարավորությունները, ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէր: Այդ պատճառով տեղակայման վայրի ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով շահագործման արդյունավետությունը, աշխատանքների կազմակերպման օպտիմալ պայմանները և արագ արձագանքման ապահովման անհրաժեշտությունը։
Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե´ ինչպես են տեղակայելու ՀԷՑ-ի ավտոպարկը 263 քմ տարածքում»:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել էր, որ ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղին տարիներ ի վեր վարձակալված է եղել սեփականատերերի մերձավորից՝ ամսական 12,7 մլն ՀՀ դրամ վարձավճարով։
«Միաժամանակ, ՀԷՑ-ի սեփականությունը հանդիսացող՝ նմանատիպ մեկ այլ տարածք (Երևանում ավելի նպաստավոր տեղադիրքով) ամսական ընդամենը 127 հազար ՀՀ դրամ վարձավճարով տարիներ ի վեր վարձակալության է հանձնված եղել սեփականատերերին «փոխկապակցված»՝ ՀԷՑ-ի կապալառու հանդիսացող ընկերություններից մեկին։
Երկու պայմանագրերն էլ մեր նախաձեռնությամբ՝ սահմանված ընթացակարգերով կասեցվել են։
Նոր կենտրոնակայանի թեթև բարեկարգման և առկա ենթակառուցվածքների նորացման փուլից հետո՝ մոտ օրերս, ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք։
Արդյունքում ՀԷՑ-ի ֆինանսական միջոցներից տարեկան լրացուցիչ խնայողությունը կկազմի ավելի քան 150 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի ենթակառուցվածքների նորացմանը»,- նշված է գրառման մեջ։
News.am
