Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ–որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Տեղի քահանաներից բոլորի մուտքը արգելված է, Տեր Գառնիկ քահանայի կողմից պատարագ կմատուցվի Ամենափրկիչում։
Սա կլինի ամենախայտառակ պատարագը, որն ամբողջությամբ կանցկացվի ուժայինների զոռբայության արդյունքում»,-գրել է Պողոսյանը։
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցելու է պատարագի։
ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որը նաև Շիրակի թեմի ժամանակավոր հոգևոր առաջնորդն է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումից հետո, Factor.am-ին փոխանցել է, որ տեղեկություններ չունի՝ ով է պատարագը մատուցելու։
«Ինձ ոչ մի բան չի ասվել։ Շիրակի թեմից էլ ոչ ոք չի պատարագելու։ Յոթ Վերքում պետք է պատարագեր Տեր Գառնիկը։ Իր առաջին պատարագն էր, բայց նա պատարագ կմատուցի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում»,-ասել է թեմի առաջնորդը։
Հիշեցնենք՝ անցնող շաբաթվա ընթացքում, այդ թվում՝ ԱԱԾ-ի ազդեցությամբ, իշխանավորները փորձում էին հասնել նրան, որ Գյումրիի քահանաներից տեր Ռուբենը մատուցի պատարագը՝ կաթողիկոսի անունը զեղչելով։ Քահանան դեմ չէր պատարագ մատուցել, սակայն հրաժարվել է Փաշինյանի ցանկությունը կատարել ու զեղչել Գարեգին Բ-ի հիշատակումը։
Փաշինյանը երեկ խոստովանել էր, որ ԱԱԾ-ն էլ է միջամտում, որ պատարագին կաթողիկոսի անունը չտրվի, սակայն վարչապետը դա ոչ թե ճնշում, այլ խնդրանք էր ներկայացրել։
