Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են քննչական կոմիտեից:
NEWS.am-ի տեղեկություններով, խոսքը BMW-ի վարորդի մասին է, որն այս պահին շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 10–ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նախնական տեղեկություններով BMW և «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են դուրս եկել. բախվել են միմյանց, որի հետևանքով BMW–ն գլորվել է ձորը։
