Логотип

ՇՀԿ երկրները կազմակերպության զարգացման ռազմավարություն ընդունեցին. հռչակագիր

Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները ընդունեցին ՇՀԿ–ի զարգացման` մինչև 2035 թվականի ռազմավարությունը։ Այս մասին ասվում է Թիենծինի հռչակագրում, որն ընդունվել է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստի արդյունքում։

«Ռազմավարությունը սահմանում է ՇՀԿ տարածքում խաղաղության և կայունության, զարգացման և բարգավաճման ապահովման շահերից բխող բազմակողմանի համագործակցության խորացման առաջնահերթ խնդիրները և հիմնական ուղղությունները», – ասվում է հռչակագրում։

Հռչակագրի հիմնական թեզերը՝

– Երկրները ՇՀԿ զարգացման բանկ կհիմնեն։

– Դատապարտում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները։

– Անթուլյատրելի են համարում ռազմական գործողությունների ժամանակ միջուկային ենթակառուցվածքներին վնաս հասցնելը։

– Դատապարտում են ահաբեկչությունը։

– Գազայի հատվածում հրադադար հաստատելու կոչ են անում։

– Պատրաստակամություն են հայտնում աջակցելու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված Աֆղանստանում խաղաղության ապահովմանը և Աֆղանստանի զարգացմանը։

– Պատրաստակամություն են հայտնում համատեղ աշխատելու արհեստական բանականության հետ կապված անվտանգության ռիսկերը կանխելու ուղղությամբ։

– Անհրաժեշտ են համարում ՄԱԿ-ը հարմարեցնել ժամանակակից քաղաքական և տնտեսական իրողություններին:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովն անցկացվում է Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Գագաթնաժողովին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:

Sputnik Արմենիա