«Շողակաթ» հեռուստաընկերության լուծարման գործընթացն ավարտին հասցնելու համար կհատկացվի 22 մլն դրամ։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ 22 մլն դրամը կազմվել է ըստ «Շողակաթ» հեռուստաընկերության հաշվարկների հիման վրա և կուղղվի աշխատակիցների ազատման (աշխատավարձ, վերջնահաշվարկ, արձակման նպաստ), պարտավորությունների մարման և լուծարման գործընթացը ավարտին հասցնելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25–ի որոշմամբ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, այս տարվա հունվարի 1–ին լուծարվեց։
Հիշեցնենք` ԱԺ–ն 2025-ի հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
«Շողակաթը» փակվեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։
Sputnik Արմենիա
