Логотип

«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը ԱԺ-ն ընդունեց 1-ին ընթերցմամբ

«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը ԱԺ–ն այսօր 1–ին ընթերցմամբ ընդունեց։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Նախագիծը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։

Նախագծով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

Լրագրողական մի շարք կազմակերպություններ, այդ թվում` Հայաստանի ժուռնալիստների միությունն բողոքել են այս նախագծի դեմ և պահանջել հետ կանչել այն ԱԺ–ից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել էր, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու ՔՊ–ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը արշավ է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև հայ ժողովրդի դեմ, քանի որ նա զրկվում է կրթական, մշակութային ուղղվածության հաղորդումներից։