Մոսկվան նշանակալի ներդրում է ունեցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի՝ դեռևս վերջնական չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում էական է։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանն արել է ամեն ինչ, որպեսզի իրավիճակն այնտեղ ավելի կայունանա, ի վերջո խաղաղություն լինի», – ասել է Շոյգուն։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ԱՄՆ-ն միակ երկիրն է, որն աշխարհում արդեն ութ կամ ինը հակամարտություն է կարգավորել:
Շոյգուն ակնարկել է Դոնալդ Թրամփի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ Սպիտակ տանը գտնվելու 8 ամիսների ընթացքում 8 հակամարտություն է կարգավորել:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
