Логотип

ՇՈՒՇԻԻ ԱՆԿՄԱՆ ՄԱՍԻՆ՝ 5 ՏԱՐԻ ԱՆՑ…

2020 թվականի նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում: Դրանով նա երախտագիտություն էր հայտնում Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, գրառումը բովանդակում էր նաև հետևյալ արտահայտությունը. «Շուշին մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և պետք է փոխանցենք սերունդներին»: Հաշված օրեր անց նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը, ըստ էության, հայտարարեց, որ Շուշի քաղաքն այլևս հայկական չէ: Երևանում սկզբում նույնիսկ կասկածներ առաջացան, թե ադրբեջանցիները կոտրել են Պողոսյանի ֆեյսբուքյան էջը։ Հետո հայտնվեց երկրորդ գրառումն այն մասին, որ էջի վրա ոչ մի գրոհ չի եղել, և «Անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից»։ Պողոսյանի խոսքերը հաստատեց այն ժամանակ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչների թվում որպես մեղադրյալ են անցնում Ադրբեջանի ռազմական դատարանում, որտեղ կեղծված է ամեն ինչ. ներկայացված մեղադրանքներից մինչև վկաների ցուցմունքներ:

2020թ. մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունն առաջին անգամ անցկացվեց բերդաքաղաք Շուշիում: Տեղի ընտրությունը համաձայնեցված էր Փաշինյանի հետ, որը մեծապես աջակցում էր Հարությունյանին նախագահական ընտրություններում։ Կես տարի անց Շուշի քաղաքը հայտնվեց ադրբեջանցիների ձեռքում, իսկ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց «դժգույն ու դժբախտ քաղաքի» մասին իր հայտնի արտահայտությունը՝ ուղեկցելով դա հռետորական հարցով. «Բա մեզ պե՞տք էր Շուշին»։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանն արեց հայտնի գրառումը. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Այս սուտը կրկնեց միայն գեներալ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը, ասելով, թե Շուշիին տիրանալու Ալիևի երազանքը չի կատարվելու։ Երբ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Արցախի նախագահը ևս մեկ անգամ կրկնեց, որ «Շուշիի նկատմամբ վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ին, իսկ վերջնականապես՝ նոյեմբերի 7-ին»։ Ինչո՞ւ էին Փաշինյանն ու իր շրջապատը մի քանի օր շարունակ խաբում ժողովրդին։ Այս հարցի պատասխանը դեռևս չկա, ինչպես որ չկա այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց հոկտեմբերի 19-ին ռազմական գործողությունները դադարեցնելու Պուտինի առաջարկից՝ Շուշին ու Հադրութը պահելով հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։

«Կարելի էր խուսափել պատերազմից, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, այդ թվում՝ Շուշին»,- հայտարարեց Փաշինյանը 2020թ. նոյեմբերի 16-ին։ Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց Շուշին հայկական բանակի վերահսկողության տակ պահելու իր առաջարկի մասին։ «Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական բանակը կպահպանի վերահսկողությունը ԼՂ այդ տարածքի, ներառյալ Շուշիի նկատմամբ՝ հաշվի առնելով մեր խաղաղապահների ներկայությունը»,- պարզաբանեց նախագահը: Արևմուտքին, սակայն, պետք էր, որ ռուսական զորախումբը չտեղակայվեր Արցախում, ուստի Փաշինյանն ուզում էր Արցախն ամբողջությամբ հանձնել դեռևս 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց խանգարեց ռուս խաղաղապահների տեղակայումը, ստիպված եղավ սպասել մինչև 2023 թվականի սեպտեմբեր, իսկ հետո ռուսներին մեղադրել շրջափակման մեջ, որին հաջորդեցին ցեղասպանությունն ու Արցախի բնակիչների բռնի տեղահանումը…

Պուտինը բնավ չէր ակնկալի, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Պրահայում արևմտյան ուժերի հովանու ներքո կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում. գրեթե անմիջապես՝ դեկտեմբերի 12-ին, սկսվեց շրջափակումը, որն ավարտվեց Արցախի լիակատար կորստով։

2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, թե «44-օրյա պատերազմը Շուշիի մասին էր»։ Երկրի ամենաբարձր ամբիոնից նա կասկածի տակ առավ բերդաքաղաքի պատկանելությունը, հայտարարելով, թե նախքան Արցախյան առաջին պատերազմը Շուշիի բնակչության 90%-ից ավելին ադրբեջանցիներ են եղել։ Իրականում Շուշիի բնակչության կազմում միշտ գերակշռել են հայերը։ Բացառություն են կազմել 1920թ. և 1988թ. հայկական ջարդերին հաջորդած ժամանակահատվածները: Շուշիի անկումն արդարացնելու իշխող վերնաշերտի պարագլխի փորձերն ամբողջությամբ կառուցված են ստի վրա, և դա ապացուցված է:

2021թ. հոկտեմբերի 4-ին Լիտվայում Փաշինյանը հայտարարեց. «Շուշիի հարցը միշտ եղել է օրակարգում, քանի որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել այն մտքից, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ու ապրեն Ղարաբաղում։ Հայկական կողմը նույնպես ընդունել է, որ ԼՂ ադրբեջանական բնակչությունը պետք է մասնակցի ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին»։ Այս հայտարարությունից հետո ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հնչեցրեց հակընդդեմ հայտարարություն այն մասին, որ բանակցությունների ընթացքում Շուշիի թեման երբեք չի շոշափվել: Դա հաստատեցին Մինսկի խմբի համանախագահները։ Այլ կերպ ասած, Փաշինյանը կրկին ստեց։ Նա ստում էր՝ պնդելով, թե մինչև 44-օրյա պատերազմը ադրբեջանցիները պահանջել են 7 շրջանները, այդ թվում՝ Շուշին, մինչդեռ Շուշիի թեման երբեք չի արծարծվել կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում։

Փաշինյանին չհաջողվեց Շուշիի հանձնումը վերագրել այն պայմանավորվածություններին, որոնք իբր ձեռք են բերվել 2018-ից առաջ տեղի ունեցած բանակցություններում: Նման պայմանավորվածություններ չեն եղել: Բանակցությունները միշտ ընթացել են ոչ թե տարածքների հանձնման շուրջ, ինչպես փորձում է ներկայացնել վարչախմբի քարոզչամեքենան, այլ Արցախի Հանրապետության ապագա կարգավիճակի։ Փաշինյանը Շուշին հանձնեց սեփական նախաձեռնությամբ, չի բացառվում, որ դա տեղի է ունեցել Դուշանբեի վերելակում Ալիևի հետ պայմանավորվածությունների արդյունքում (2018թ. սեպտեմբերի 28), իսկ հետո մեղավորներ նշանակեց։

Օրերս 3 տարվա ազատազրկումից հետո տնային կալանքի ուղարկվեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանը: Այն մասին, որ գեներալին են փորձում մեղսագրել ռազմական գործողությունների հարավային ուղղությամբ կրած պարտությունը, մենք գրել ենք բազմիցս։ Այսօր հրատապ է պատկերանում ԱԺ ամբիոնից Փաշինյանի պատասխանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ Արզումանյանի ճակատագրի մասին, որը 2020 թվականի պատերազմի միայն վերջին 12 օրերին է եղել հրամանատար, ուստի չի կարող կրել հարավային ուղղությամբ ձախողման ողջ պատասխանատվությունը։ Փաշինյանն ի պատասխան ստեց, թե որոշ հրամանատարներ 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնորդվել են ոչ թե իր՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի, այլ «ուրիշ գլխավոր շտաբի» հրամաններով: Նկատի ուներ ՌԴ Գլխավոր շտաբը, ընդ որում՝ Փաշինյանը դրա ոչ մի ապացույց չունի…

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑԸ խորհրդարանի ամբիոնից չհնչեց հենց այդ պատճառով. Փաշինյանը որևէ ապացույց չունի հրամանատարների կողմից «ուրիշ ԳՇ»-ի հրամանների կատարման վերաբերյալ։ Ո՞ւր են այդ հրամանները, ո՞ւմ են դրանք հասցեագրվել։ Արզումանյանին ներկայացված մեղադրանքները (Արեգա բարձունքի գրոհի ժամանակ նահանջի հրամանի մասով) հերքվեցին, սակայն դա բնավ չի նշանակում, թե նա չի կիսելու հրամանատարի պաշտոնում իր նախորդի՝ գեներալ Ջալալ Հարությունյանի ճակատագիրը։ Եթե Հարությունյանի դեպքում մեղադրանքը վերաբերում է պատերազմի կոնկրետ դրվագին, ապա Արզումանյանին ներկայացված մեղադրանքում նման հստակությունը գրեթե բացակայում է, բայց դա նրա մեղավորությունը կասկածի տակ առնելու միակ առիթը չէ։

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո ԶԼՄ-ներ տեղեկություններ արտահոսեցին, որ Շուշիի պաշտպանության պատասխանատու է նշանակվել Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սերգեյ Առուստամյանը։ 2023թ. փետրվարի 22-ին նա նշանակվեց ՔԿ պետի տեղակալ: Այն ժամանակ պետի պաշտոնը զբաղեցնում էր Արգիշտի Քյարամյանը, որը մարտական գործողությունների թեժ պահին Փաշինյանի հատուկ առաջադրանքով գտնվում էր Շուշիի պաշտպանության շտաբում։

Ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը փորձում Շուշիի հանձնման մեղքը բարդել ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, գեներալ Արթուր Վանեցյանի վրա։ Նրան մեղսագրում էին, թե «Հայրենիք» ջոկատն իր հրամանատարությամբ լքել է մարտական դիրքերը, և դա, իբր, Շուշիի անկման պատճառն է դարձել։ Վանեցյանից մեծ ջանքեր պահանջվեցին ապացուցելու համար, որ իր հրամանատարությամբ ջոկատը Շուշիի մատույցներում տեղակայված մարտական դիրքերը լքել է մարտական առաջադրանքը կատարելուց հետո։

Վանեցյանին և «Հայրենիք» ջոկատին մեղադրելու փորձի, ինչպես նաև Առուստամյանի հիշյալ նշանակման խորապատկերին Արզումանյանին ներկայացված մեղադրանքները համոզիչ չեն թվում: Փաշինյանին քավության նոխազ էր պետք, և նա գտավ ։ Շուշիի պաշտպանության գործողության ձախողումը պահանջում է մանրակրկիտ մասնագիտական վերլուծություն, և որևէ վստահություն չկա, թե Քննիչ հանձնաժողովի զեկույցը բովանդակում է նման վերլուծություն:

Փաշինյանը ճիշտ վարվեց՝ հեռավոր դարակին դնելով հանձնաժողովի զեկույցը։ Կարծում եմ, «Գոլոս»-ի բանիմաց ընթերցողները հեռու են այն մտքից, թե զեկույցը խորհրդարանի ամբիոնից չհրապարակելու պատճառը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ (նույն ինքը՝ քննիչ հանձնաժողովի նախագահ) Անդրանիկ Քոչարյանի և խոսնակ Ալեն Սիմոնյանի տարաձայնություններն էին։ Այդպիսին է հերթապահ վարկածը: Իրազեկ հանրությունը չի հավատում, թե խոսնակը զեկույցն օրակարգ չի մտցրել ժամկետից ուշացման պատճառով։ Իրականում զեկույցն արխիվ է ուղարկվել Փաշինյանի գաղտնի հրահանգով։ Փաստաթղթի հրապարակումը կարող էր հարցերի նոր ալիք առաջացնել, որոնց պատասխանը Փաշինյանը չունի։

Քոչարյանի քիթը տրորվեց, օդում կախված մնաց նրա այն հայտարարությունը, թե զեկույցի հրապարակումից հետո բազմաթիվ քրեական գործեր են հարուցվելու։ Գործնականում պարզվեց, որ չկան ո՛չ զեկույց, ո՛չ էլ նոր գործեր։ Ստացվում է, որ Քոչարյանն իզուր էր ջանում 44-օրյա պատերազմում պարտության Փաշինյանի մեղքը բարդել գեներալակազմի, բանակի, Ռուսաստանի վրա…