Մերձավոր Արևելքի հայրենակիցներից շուրջ 20 զանգ է ստացվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գրասենյակի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ (077 998123, 010 589155)՝ տարածաշրջանում գտնվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։
«Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն չունենք։ Հիմնականում զանգահարել են Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցները։ Դիմումների մեծ մասը վերաբերել է ավիաչվերթերի հարցերին», – պարզաբանեց Ղուլյանը։
Նրա խոսքով՝ գրասենյակը տրամադրում է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն նաև հորդորում է հետևել ԱԳՆ պաշտոնական հրապարակումներին, որտեղ նույնպես գործում է թեժ գիծ։
«Մենք փորձում ենք առավելագույնս ինտենսիվ կապ պահպանել մեր համայնքների հետ, հատկապես հիմա, երբ իրավիճակն ավելի է լարվել։ Որոշ շրջաններում կան կապի խնդիրներ՝ ինտերնետի բացակայություն և այլն, սակայն մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,— նշեց Ղուլյանը։
Հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակի խոսքով` ստացված դիմումները կապված են նաև ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու ցանկության հետ, որ տարածաշրջանում են գտնվել տարբեր պատճառներով՝ ուսում, աշխատանք և այլն։ Նա նաև նշեց, որ այս պահին դեռևս որոշում չունեն հայ–իրանական սահման գնալու և տեղում հասկանալու իրավիճակը։
