Логотип

Շուրջ 3800 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել, մոտ 5500 դիմում՝ մերժվել

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմում է ներկայացրել 9284 ընտանիք։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 3794-ը ստացել է հավաստագիր, իսկ 5490 ընտանիքի դիմում մերժվել է»,- նշված է պատասխանի մեջ։ Հավաստագրերից իրացվել է 1626-ը, գերակշիռ մեծամասնությունը՝ 1463-ը, բնակարան ձեռք բերելու համար, 12-ը՝ կառուցապատման, իսկ 151-ը՝ գործող հիփոթեքի մարման համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ ամենից շատ՝ 379 հավաստագիր իրացվել է Կոտայքի մարզում բնակարան ձեռք բերելու համար, երկրորդ տեղում Երևանն է՝ 311, իսկ երրորդ տեղում՝ Արմավիրը՝ 270։ Ամենաքիչը հավաստագրերն իրացվել են Արագածոտնում և Տավուշում՝ 40-ական և Վայոց Ձորում՝ 26։

«2025 թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից ծրագրի շրջանակում վճարվել է շուրջ 2,6 մլրդ դրամ, որն ուղղվել է ծրագրի 3 բաղադրիչներով սահմանված վճարումներին, դրական մնացորդի շրջանակում տրամադրված վերանորոգման վարկերի ու գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման վարկերի մարումներին, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարների փոխհատուցմանը, կառուցապատման նպատակով հողամասի ձեռքբերմանը»,- հայտնում են նախարարությունից։

Ինչ վերաբերում է դիմումների մերժման հիմքերին (5490), հիմնական պատճառներն են․

– Դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է 2020թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում,

– Դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը չունի ՀՀ քաղաքացիություն,

– Ընտանիքի անդամներից առնվազն մեկը 2023թ. սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք կամ օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք,

– Դիմողը կամ ընտանիքի որևէ անդամն Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է։

Հիշեցնենք՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ․ հունիսին։ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու) տրվում է 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023թ․ անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։