Логотип

Ո՞Վ Է ՎԵՐԱՁԵՎԱՉԱՓԵԼՈՒ ԻՐԱՆԸ

Իրանում վերջին հրաժեշտը տվեցին Մինաբա տարրական դպրոցի ամերիկա-իսրայելական ռմբակոծմամբ սպանված 168 աղջիկներին:

…Այնպես չէ, թե մեծ հավատ կար միջազգային իրավունքի նկատմամբ, բայց ամերիկացիները վերջնականապես թաղեցին այն։ Ընդ որում Թրամփը դեռ պահանջում է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել իրեն։

ՄԱՐԿՈ ՌՈՒԲԻՈՆ ՄԻ ՏԵՍԱԿ ԿՑԿՏՈՒՐ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԱՐԴԱՐԱՆԱԼ։ Իբր՝ դեռ պետք է պարզել, թե ինչպես է պատահել, որ հարվածը հասցվել է աղջիկների դպրոցին։ Ասել է թե՝ ռազմական հրամանատարությունը պիտի պարզի. «Ծայրաստիճան ողբերգական կլինի, եթե դա տեղի է ունեցել, բայց ես չեմ կարող խոսել մանրամասների մասին, քանի որ չեմ տիրապետում դրանց: Դա ողբերգական արդյունք կլինի, եթե տեղի է ունեցել: Ես տեղեկություններ չունեմ, թե ինչն է հանգեցրել դրան, բայց մի բան պարզ է. ԱՄՆ-ը միտումնավոր չէր հարվածի դպրոցին»,- մանկական թոթովանքով ասաց Ռուբիոն, կարծես թե հենց նոր էր իմացել մահացած աղջիկների մասին։

Կարծես թե հենց ամերիկացիները չէին, որ ամենայն հանգստությամբ ատոմային ռումբեր գցեցին ճապոնական երկու քաղաքների վրա, առանձնապես չմտահոգվելով զոհերի քանակով։

Եվ ի՞նչ տարբերություն զոհվածների հարազատների համար՝ միտումնավոր էր հարվածը, թե ոչ։ ԱՄՆ-ի զինվորականների հարվածն էր, թե Իսրայելի: Ռազմական հանցագործությունը մնում է ռազմական հանցագործություն: Հեքիաթներն այն մասին, թե Իրանը, իբր, ձգտում է ատոմային ռումբ ստեղծել և երկու անգամ փորձել է սպանել ապագա Նոբելյան մրցանակակիր Թրամփին, արդարացում չեն կարող ծառայել։

Հավանաբար, Թրամփի աշխատակազմում էլ ոչ բոլորն են համամիտ ամերիկյան առաջնորդի դիրքորոշմանը, բայց նահանջելու տեղ չունեն։ Հենց նրա համար, որ ջնջեն հիշողությունը զոհված աղջիկների մասին, ամերիկացիները պետք է ավարտին հասցնեն Իրանի դեմ պատերազմը։ Մինչ հաղթական ավարտ: Այնպես փոխեն Իրանը, այնպես վերաձևաչափեն իրանցիների գիտակցությունը, որ զոհված աղջիկների մասին չհիշեն։ Իսկ եթե հիշեն էլ, ապա առանց ամերիկացիներին ու իսրայելցիներին մեղադրելու։

Այնպես, ինչպես որ այսօրվա Ճապոնիայում մեծամասնությունը չի համարում ամերիկացիներին ռազմական հանցագործներ, ավելի հաճախ մեղադրում են իրենք իրենց։ Տարածված դիրքորոշում է. «Դե, պատերազմ էր, դա միանգամայն սպասելի էր: Ի՜նչ արած: Պատահում է: Շատ ափսոս…»:

Իրանական հասարակության գիտակցությունը վերաձևաչափելու համար ամերիկացիները պետք է ոչ միայն ջախջախեն Իրանը։ Նրանց հարկավոր է նաև Իրանի ապագա ղեկավար՝ Փաշինյանի կարգի։ Այնպիսի ղեկավար, որն իր հասարակությանը կոչ կանի գլուխ հանել, թե այդ ինչպես պատահեց, որ դպրոցը հայտնվեց հարվածի տակ… Մոտավորապես այնպես, ինչպես Փաշինյանն է առաջարկում հայ հասարակությանը գլուխ հանել, թե այդ ինչպես ստացվեց, որ Հայոց ցեղասպանություն տեղի ունեցավ, ինչպես ստացվեց, որ Հայաստանում սկսեցին սգո օր նշել զոհերի հիշատակին…

Իրականում և՛ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման նկատմամբ այսօրվա միջին վիճակագրական Ճապոնացու մոտեցումը, և՛ Հայոց ցեղասպանության նկատմամբ Փաշինյանի մոտեցումը տանուլ տված պատերազմի հետևանք են։ Իսկ թյուրքական աշխարհում Հայաստանի աստիճանական ընդգրկման Փաշինյանի հայեցակարգն առանձնապես չի տարբերվում ամերիկամետ աշխարհում հետպատերազմյան Ճապոնիայի ընդգրկումից։

Ամերիկացիները նաև գերազանց գիտեն և դյուրըմբռնելի բացատրել են Փաշինյանին, թե որ «դեղամիջոցն» է առավել արդյունավետ հանրային գիտակցության վերաձևաչափման համար։ Փողը։ Եվ որքան ավելի մեծ է այդ «դեղամիջոցի» չափաբաժինը, այնքան արագ է ընթանում վերաձևաչափման գործընթացը։ Իսկ փող տալ ամերիկացիները կարողանում են, ինչ խոսք։