Логотип

Ո՞ր ոլորտներն են աճ գրանցել. ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2025 թվականը

2025 թվականի հունվար–դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.1% (2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր ամփոփել է 2025 թվականի ցուցանիշները։

Ըստ ամփոփ տվյալների` անցած տարում մեր տնտեսության մեջ շարունակել են գերիշխել շինարարության և ծառայության ոլորտները` համապատասխանաբար ապահովելով 20.2% (810 մլրդ 676 մլն դրամ) և 10.5% (4 տրլն 89 մլրդ 742 մլն դրամ)։

Անցած տարում տնտեսական աճի մեջ ներդրում ունեցած հաջորդ խոշոր ճյուղերն են գյուղատնտեսություն ու արդյունաբերությունը` համապատասխանաբար ապահովելով 5.6% (1 տրլն 57 մլրդ 224 մլն) և 4.7% (3 տրլն 327 մլրդ 745 մլն դրամ) աճ։

Ինչպես և սպասելի էր, 2025 թվականի ընթացքում անկում արձանագրող արտաքին առևտրաշրջանառությունը, ներմուծումն ու արտահանումը տարվա ամփոփ ցուցանիշներում մնացել են ցածր մակարդակներում։

Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. հունվար–դեկտեմբեր ամիսներին նվազել է 29%–ով` կազմելով 8 տրլ 281.7 մլրդ դրամ։ Արտահանման ծավալը նվազել է 36.1%–ով` կազմելով 3 տրլ 243.1 մլրդ դրամ, իսկ ներմուծումը` 23,6%–ով` կազմելով 5 տրլ 38.6 մլրդ դրամ։

Սպառողական գների ինդեքսը 2025 թվականի կտրվածքով 3.3%–ով աճել է նախորդ տարվա համեմատ։

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2025 թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 387.01 դրամ։

Sputnik Արմենիա