Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերաբերող քրեական վարույթը դեռևս նախաքննության փուլում է. այս ընթացքում նրա մասնակցությամբ որևէ վարութային կամ քննչական գործողություն չի իրականացվել, միայն մեկ անգամ սրբազանը հարցաքննվել է, այն էլ՝ թմրամիջոցների հետ գրեթե կապ չունեցող թեմաներով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Եվ եղել է կալանքի երկարացման վերաբերյալ մեկ նիստ, ուրիշ ոչինչ չի եղել Արշակ սրբազանի մասնակցությամբ»,- նշեց Բաբայանը։
Հավելեց՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը` կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ դատարան, առայժմ գործերն Առաջին ատյանի դատարանից չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան, որպեսզի նաև դատավորի մակագրում իրականացվի։
Վստահ է, որ Արշակ սրբազանին վերաբերող քրեական վարույթները քաղաքական դրդապատճառներ ունեն։
«Քրեական վարույթը, որով հիմա կալանքի տակ է գտնվում Արշակ սրբազանը, արդարադատության և քրեական իրավունքի հետ առնչություն չունի։ Սրա նպատակն Արշակ սրբազանին վարկաբեկելն ու վնասելն է, անազատության մեջ պահելն է, ինչն էլ իրականացվում է»,- ասաց Բաբայանը։
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց է անտետացել, Բաբայանը նշեց՝ քննիչն առհասարակ զարմացած էր, թե որտեղից նման տեղեկություններ, հավաստիացրել է, որ նման բան չկա։
Արսեն Բաբայանը նաև հիշեցրեց, որ ինքը նաև վերաքննիչ բողոք էր ներկայացրել Արշակ սրբազանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ։ Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը, Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։ Հիմա պաշտպանական թիմը սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, որից հետո պատրաստվում է նաև ՄԻԵԴ դիմել։
Sputnik Արմենիա
