Տավուշի մարզի Գոշ գյուղի կենսաթոշակային տարիքի բնակիչները մտահոգ են. 2026 թվականի հունվարի 1-ից թոշակառուներն իրենց կենսաթոշակներն այլևս փոստային բաժանմունքներից չեն կարող ստանալ, միայն քարտով։ Գոշում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խոսել են քարտային համակարգից օգտվելու դժվարությունների մասին։
Բանկային քարտով թոշակը կանխիկացնելու համար բանկոմատ է պետք, մինչդեռ բազմաթիվ գյուղական բնակավայրերում, այդ թվում՝ Գոշ գյուղում, կանխիկացնող որևէ սարք չկա։
Տարեցները չգիտեն՝ ում վստահել իրենց քարտերը։ «Իմ թոշակը քարտին է նստում։ Եթե ինձ պետք է, իմ թոռնիկն ամեն ինչից հասկանում է, ինքն է այդ արարողությունը կատարում։ Ենթադրենք, թոռնիկս այստեղ չէ, արտագնա աշխատանքի է։ Հիմա ես ո՞ւմ վստահեմ իմ քարտը. սա մեծ խնդիր է»,- ասել է թոշակառուներից մեկը:
Գյուղում բանկոմատների բացակայության պատճառով կենսաթոշակառուները ստիպված կլինեն տաքսիով գնալ մոտակա քաղաքներ՝ Դիլիջան կամ Իջևան, գումար կանխիկացնելու համար։ «Տաքսի ենք վերցնելու՝ մոտ 3000 դրամ։ Մեծ կին եմ, ձմեռը ո՞նց գնամ»,- ասում է հարցման մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ նույնիսկ տաքսի գտնելն է դժվար, վարորդին անհրաժեշտ է 4-5 օր առաջ զգուշացնել։
Alpha News
