Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննվում է, և դրա վերաբերյալ որոշումը կայացվելու է ընդամենը 4 օրում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նրա պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ հունվարի 12-ին Վերաքննիչ հակոկոռուպցիոն դատարանի դատավորը վարույթ է ընդունել հունվարի 5-ին առձեռն հրատապ կարգով մուտքագրված դատախազի բողոքը՝ Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ (դեկտեմբերի 30-ին Կարապետյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց տնային կալանքով– խմբ․)։ Ըստ Վարդևանյանի՝ վերաքննիչ ատյանում գործերով հիմնական լուծումները լինում են գրավոր ընթացակարգով՝ 10-օրյա ժամկետում։
«Այդ 10 օրը միշտ է եղել։ Օրինակ, Սամվել Կարապետյանի գործով այդ 10-օրյա ժամկետի տրամաբանությունը Հակակոռուպցիոն դատարանը մշտապես պահպանել է։ Այս անգամ այդպես չէ․ դատավորը նախատեսել է, որ մինչև հունվարի 15-ը պետք է ներկայացնենք գրավոր դիրքորոշումներ, տվյալներ, իսկ հունվարի 16-ին պետք է հրապարակվի դատական ակտը։ Ո՞ւր է շտապում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, դատախազը՝ հասկացանք, երևի թե դատախազությունում այլ խափանման միջոցի վերաբերյալ պատկերացում չկա»,- հայտարարեց Վարդևանյանը։
Sputnik Արմենիա
