Логотип

Ոչ մի բան չեմ կարող ասել. Ծափաթաղի բուժքույրը՝ 3-ամյա Տիգրանի սպանության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոչ մի բան չեմ կարող ասել, հանելուկային է ամեն բան։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ծափաթաղ գյուղ բուժքույր Ալմաստ Վարդենյանը՝ անդրադառնալով նրան, որ պարզվել է, որ 3–ամյա Տիգրանին հայրն է խեղդել։

Հարցին՝ նախկինում հոր կողմից ագրեսիվ վարքի դրսևորումներ եղե՞լ են, նա պատասխանեց. «Չեմ լսել չեմ նկատել։ Հայրը՝ Արմենը, ոստիկանական մեքենայի մեջ էր, բերեցին, իջեցրին, գնացին տան հետևը։ Բոլորին տնից հանեցին դուրս, մենք դրսում կանգնած ենք։ տանը ոչ մի գործողություն չի կատարվել։ Ես չեմ հավատում այս ամենին։ Տան անդամները ոչ մի բան չէին խոսում։ Տեղի ունեցածը հանելուկային ու անհավատալի է»։

Այսօր ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։

«Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։

Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, ինքը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։

Նշենք, որ այս պահին Ծափաթաղում է մահացած հայտնաբերված երեքամյա Տիգրանի տանը քննչական գործողությունները շարունակվում են։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում են, որ քննիչներ, ոստիկաններ են տան բակում, ինչպես նաև տան ներսում։ Նրանք հարցաքննում են ընտանիքի անդամներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։ Օրեր անց Տիգրանի մարմինը հայտնաբերվել է դաշտամիջյան հատվածում։