Логотип

«Ոսկե ծիրանը» միջազգային հեղինակավոր հավատարմագրում է ստացել

«Ոսկե ծիրանը» հավատարմագրում է ստացել հեղինակավոր Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։

FIAPF-ը միջազգային կինոփառատոնների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպություն է, որի կողմից ճանաչված են աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոներից ընդամենը 50-ը։ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը դարձավ դրանցից մեկը։

««Ոսկե Ծիրանի» ընդգրկումը այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև»,- նշված է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան ստեղծվել է շուրջ 1 դար առաջ՝ 1933֊ին։ Ֆեդերացիան հավատարմագրում է շնորհում այն փառատոներին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։

Sputnik Արմենիա