Логотип

Ոստիկանները դժգոհել են Փարաքարում ոստիկանության ուժեղացված հսկողությունից

Փարաքար խոշորացված համայնքում ոստիկանության ուժեղացված հսկողությունը դժգոհություն է առաջացրել ծառայության մեջ գտնվող ոստիկանների շրջանում, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ ոստիկանությունը հսկում է Գրիգորյանների, Ախտոյանների և Օհանյանի բնակարանները, որոնք մասնկից են համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության միջադեպին։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, իսկ ծառայողները՝ զինված հսկողություն։ Իրավապահները չեն բացառում, որ դեպքից հետո կարող է տեղի ունենալ վենդետա, քանի որ քննության ընթացքից դժգոհ են և՛ տուժող, և՛ մեղադրվող կողմերը։

Ոստիկանները դժկամությամբ են արձանագրում, որ օրուգիշեր ստիպված են հերթապահել Փարաքարի փողոցներում՝ նշելով, որ հնարավոր չէ հավերժ ապահովել գյուղի անվտանգությունը և կանխել ծանր հանցանքները։

Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել: Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Փարաքարի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը:

2024-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։

Armenia Today