Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ ազգությամբ հայերի, այդ թվում` ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ։ Այս մասին գրում է yerkir.am–ը։
Նշվում է, որ Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը մարտի 2-ին, ամերիկյան ԶԼՄ-ներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ» սկսել։ Նպատակ է եղել արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։
«Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ «Տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ պայքարում ադրբեջանաթուրքական շրջանակների կողմից օգտագործվող կեղծ պնդումներին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Apollo Strategic Communications» –ի մայր ընկերությանը՝ «RSK Group»-ին է պատկանում «Azerbaijan Environment and Technology Centre Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում` մասնավորապես Կասպյան տարածաշրջանում»,- ասված է հայտարարությունում։
Պարզվել է, որ ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։
Վերը նշված նամակով ամերիկյան ԶԼՄ-ներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում որոշ անձանց հետ հանդիպումների միջոցով։
Խոսքը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակցի, ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի, պատմաբան Նժդեհ Հովսեփյանի և «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փայլանի մասին է։
Ավելի ուշ X-ի իր միկրոբլոգում Կարո Փայլանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից և նշել, որ իր անունից ԶԼՄ-ներին հաղորդագրություններ են ուղարկվել Հայաստանի վերաբերյալ, որոնք ինքը չի լիազորել։ Նշվում է նաև, որ այս արտահոսքից հետո «Apollo Strategic Communications»-ը փակել է X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։
Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բրիտանական ընկերությունից պահանջում է մի շարք հարցերի պատասխանը․
1. Ո՞վ է վարձել Apollo-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար, և որքա՞ն գումար է վճարվել։
2. Եթե Apollo-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից՝ ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչո՞ւ չի գրանցվել ԱՄՆ արդարադատության նախարարությունում՝ Foreign Agents Registration Act (FARA) օրենքի համաձայն։
3. Ինչպե՞ս և ինչո՞ւ են այս գաղտնի արշավում ներգրավվել Մարիա Կարապետյանը, Նժդեհ Հովսեփյանը և Կարո Փայլանը։
4. Ի՞նչ կապեր ունի Apollo–ի մայր ընկերությունը՝ RSK Groupը, Ադրբեջանի, Ալիևների ընտանիքի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ։
Կից ներկայացվում է ամերիկյան լրատվամիջոցներին գաղտնի կերպով ուղարկված նամակը։

Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված գաղտնի նամակը
Ի դեպ, Նժդեհ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայ դատի Ամերիկայի գրասենյակի (ANCA) հայտարարութանը, և հերքել է իր մասնակցությունը։
«Բացարձակապես ծանոթ չեմ ո՛չ տվյալ նամակին, ո՛չ հեղինակին, ո՛չ թեմատիկային, և միայն այսօր՝ ANCA-ի հայտարարությունից եմ իմացել այս թեմայի ու դրան իմ «մասնակցության» մասին։ Իրեն լուրջ կազմակերպություն համարող ANCA-ն գտնվել է գերանպատասխանատու, որ առանց կոմունիկացնելու և ճշտելու, պիտակավորել է մարդկանց, այս դեպքում՝ կոնկրետ ինձ»,- գրել է Հովսեփյանը։
Նա ANCA-ի հայտարարությունը «ցնորամտություն» է անվանել։
