Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների լիազորությունները դադարեցվել են` չնշելով նրանց անունները։
«Հեռացված հոգևորականներին փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են՝ կապված աշխարհագրական դիրքի և տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքի հետ»,– ասաց տեր Եսային։
Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ դուրս եկած սրբազաններին կարգալույծ անելու հնարավորությանը (Մայր աթոռը դեռևս միայն զգաստության կոչ է արել), տեր Եսային նշեց, որ Մայր աթոռը շարունակում է գործել կանոնականության սահմաններում։
«Մայր աթոռն իր գործունեությունն իրականացնում է և այդ կոչերը հնչեցնում է կանոնականության համաձայն։ Սա գործընթաց է, որն ամենակարևորը պետք է լինի կանոնականության սահմաններում՝ պահպանելով եկեղեցու առաքելությունն անխաթար։ Իսկ մնացածը առաջիկայում կտեսնենք»,– ավելացրեց նա։
Խոսելով Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի հնարավոր հեռացման մասին արցախցիները խնդրագիր-պահանջագրին` տեր Եսային նշեց, որ վեհափառը դեռևս նման նամակ չի ստացել։
Sputnik Արմենիա
