Логотип

ՈՐՈՆՔ ԵՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՕԳՏԱԿԱՐ ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸ

Ընկուզեղենի օգտագործումը կապված է առողջության համար մի շարք դրական հետևանքների հետ, ներառյալ սրտանոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան ռիսկի նվազեցումը։

Ինչպես գրում է Euronews-ը, ընկուզեղենը չհագեցած ճարպերի, սննդային մանրաթելերի, բուսական սպիտակուցների, միկրոտարրերի և հակաօքսիդանտների աղբյուր է։ Դրանց կանոնավոր օգտագործումը կապված է սրտանոթային և սրտի իշեմիկ հիվանդությունների ցածր տարածվածության, ինչպես նաև «վատ» խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակի նվազեցման հետ։

Ո՞ր ընկույզներն են առավելագույն օգուտներ բերում առողջությանը, և ինչպե՞ս է դրանք սննդակարգում ներառելը օգնում մարմնին։

ՊԵԿԱՆՆԵՐ

Ինչպես ցույց են տալիս Չիկագոյի Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի վերջին հետազոտությունները, պեկան ընկույզի օգտագործումը՝ որպես առողջ սննդակարգի մաս, կարող է բարելավել սիրտ-անոթային համակարգի վիճակի հետ կապված հիմնական ցուցանիշները, մասնավորապես՝ արյան լիպիդային պրոֆիլը:

Պեկանը պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ (հակաօքսիդանտների տեսակ), ինչպես նաև այլ կենսաակտիվ միացություններ, որոնք ուժեղացնում են հակաօքսիդանտային ակտիվությունը և օգնում են նվազեցնել լիպիդների օքսիդացումը:

ՀՈՒՆԱԿԱՆ ԸՆԿՈՒՅԶ

Հունական ընկույզն ընկուզեղենի միակ տեսակն է, որի համար ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը (FDA) հաստատել է սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման վերաբերյալ պաշտոնական առողջապահական հայտարարագիրը։

Դրանց օգտակարությունը բացատրվում է ալֆա-լինոլենաթթվի (ALA) բարձր պարունակությամբ. սա բուսական ծագման օմեգա-3 ճարպաթթու է, որը բարերար ազդեցություն է ունենում սրտի, ուղեղի և նյութափոխանակության վրա։

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 30 գրամից ավելի հունական ընկույզի օգտագործումը կարող է նպաստել «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը։

Հունական ընկույզն ավանդաբար համարվում է հիշողության համար նախատեսված մթերք, և հետազոտությունները հաստատում են՝ այն կանոնավոր օգտագործող մարդիկ ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում հիշողության և տեղեկատվության մշակման արագության թեստերում։

ՆՈՒՇ

Նուշն աչքի է ընկնում բարձր սննդային արժեքով և հատկապես օգտակար է սրտի առողջության, քաշի վերահսկման և օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանության համար։

Ընկուզեղենի շարքում նուշը առաջատարներից է սննդային մանրաթելերի պարունակությամբ. դրանք աջակցում են նյութափոխանակությանը, սրտի և աղիքների առողջությանը, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր վիճակին՝ օգնելով մարսողությանը, արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկմանը և միկրոբիոտայի աշխատանքին։

Նուշը նաև վիտամին E-ի հիանալի աղբյուր է, որը կատարում է հակաօքսիդանտի դեր և պաշտպանում է բջիջները օքսիդացիոն վնասումից։

Առավել արտահայտված ազդեցություն նկատվել է օրական 42–50 գրամ նուշ օգտագործելու դեպքում։

ՊԻՍՏԱԿ

Պիստակները հարուստ են հակաօքսիդանտներով և առանձնանում են կալորիականության ու սպիտակուցների պարունակության շահավետ հարաբերակցությամբ։ Դրանք B խմբի վիտամինների և ֆոլատների աղբյուր են, որոնք անհրաժեշտ են բջջային առանցքային գործընթացների համար, ինչպիսիք են ԴՆԹ-ի վերականգնումը և էրիթրոցիտների առաջացումը։

Վալինի՝ մկանային հյուսվածքի վերականգնմանն ու աճին մասնակցող անփոխարինելի ամինաթթվի պարունակությամբ, պիստակները ընկուզեղենի շարքում առաջատարների թվում են։

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԸՆԿՈՒՅԶՆԵՐ

Բրազիլական ընկույզը, որն աճում է Ամազոնի արևադարձային անտառներում՝ Berthilletia excelsa ծառի վրա, սելենի ամենահարուստ սննդային աղբյուրներից մեկն է։ Սելենն անփոխարինելի միկրոտարր է, որն օրգանիզմն ի վիճակի չէ ինքնուրույն սինթեզել կամ մեծ քանակությամբ պահեստավորել։

Սելենն օժտված է հզոր հակաօքսիդանտային հատկություններով և աջակցում է իմունային համակարգի աշխատանքին։

Այնուամենայնիվ, մեծ քանակությամբ բրազիլական ընկույզը կարող է թունավոր լինել, ուստի խորհուրդ է տրվում սահմանափակել դրա օգտագործումը օրական մեկ-երկու հատով։

News.am