Արցախի վերաբերյալ կար կայացված որոշում գերտերությունների կողմից, պարզապես Արցախում այդ մասին չգիտեին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, որը 2023թ․ Եվլախում որպես արցախյան կողմի ներկայացուցիչ մասնակացել է ադրբեջանցիների հետ հանդիպմանը։
2 տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Հարձակումն ի վերջո հանգեցրեց Արցախի կորստի։
Մելքումյանը լրագրողների հետ զրույցում վերհիշեց, թե ինչ էր կատարվում Արցախում 2 տարի առաջ այս օրը։
«Առավոտը սովորական սկսվեց Արցախում, հանդիպումներ էինք ունենում տարբեր շրջաններում, զրուցում էինք մարդկանց հետ, բացատրում, որ պետք է գնալ կոմպրոմիսին, բացել ճանապարհը, այդ հումանիտար միջանցքը։ Մենք ավելի շատ կենտրոնացած էինք դեպի դրականը, փորձում էինք հանրությանը բացատրել, թե հրաժարվելու հետևանքով ինչ կարող է լինել։ Գրեթե բոլոր համաձայն էին ու տրամադրված էին, որ հումանիտար միջանցքը բացվեր, բայց մի քանի ժամ հետո տեղի ունեցավ դա»,- ասաց Մելքումյանը։
Նա հավելեց՝ 2 տարի անց արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ խնդիրը հումանիտար չէր, այլ քաղաքական, իսկ հումանիտար հարցերն ընդամենը շիրմա էին, որի տակ թաքցվում էր իրական գործընթացը։
Անդրադառնալով «Հայաստանի պատմության» դասագրքում Արցախի կորստի վերաբերյալ տեղ գտած պնդումներին՝ Մելքումյանը շեշտեց՝ դրանք պարզապես չեն համապատասխանում իրականությանը։
«Այսօր մենք պատմությունը կեղծում ենք»,- ասաց Մելքումյանը։
Sputnik Արմենիա