ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ինքը կրիպտոակտիվ չունի, սակայն ԿԲ աշխատակիցներից ոմանք բացել են շատ փոքր գումարով դրամապանականեր, որպեսզի ոլորտից ինֆորմացված լինեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Այսինքն` նրանք գործառնություններ են անում, նայում են` ինչ հնարավորություններ ու ռիսկեր կան, որից հետո մենք խորհրդի կամ գործադիրի կազմով քննարկում ենք։ ԿԲ մեր աշխատակիցներն այդ ամենն անում են բացառապես հետազոտական, ոչ թե փող աշխատելու նպատակով»,– վստահեցրեց Գալստյանը։
Նա վստահեցրեց, որ կրիպտոակտիվների վերաբերյալ գիտելիքի առումով ԿԲ–ում բավականին շատ ինֆորմացիա է կուտակվել, որը կօգնի ԿԲ–ին խելամիտ կարգավորումներ ունենալ։
Կրիպտոարժույթի ոլորտում ստվեր կա՞, թե՞ ոչ հարցին Գալստյանը պատասխանեց, որ ԿԲ–ն այդ մասին ուսումնասիրություններ չի անում։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այս տարվա մայիսին ընդունեց կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող օրինագիծը: Ըստ նոր օրենքի՝ կրիպտոակտիվների առևտրով և ներդրումներով զբաղվող ընկերությունների համար կսահմանվեն գործունեության հիմնական կանոններ:
Sputnik Արմենիա
