ՀԱՊԿ-ն աշխատում է երրորդ երկրների հետ համագործակցությունը ընդլայնելու և նոր անդամներ ներգրավելու ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Նրա խոսքով՝ պոտենցիալ գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակվում է տարբեր մակարդակներում։
«Որոշ զարգացումներ կան։ 2019 թվականին Հավաքական անվտանգության խորհրդի կողմից գործընկերության և դիտարկման մասին դրույթի ընդունումից հետո շեշտը դրվեց հենց այս ուղղության վրա», – նշեց նա։
Սեմերիկովը հավելեց, որ դե ֆակտո ՀԱՊԿ-ը համագործակցում է բազմաթիվ երկրների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ ստորագրված հուշագրերի շրջանակներում, սակայն գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակի ձևակերպման իրավական ընթացակարգերը դեռևս չկան։
Նա ընդգծեց, որ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է ավելի սերտ համագործակցել ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի հետ, որովհետև կառույցները համընկնող շահեր շատ ունեն։ Սեմերիկովի խոսքով՝ այս ուղղությունը կակտիվացվի 2026 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում։
ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի փոխնախագահ Անատոլի Վիբորնին իր հերթին նշեց, որ վեհաժողովում առանցքային բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանի նախագահության առաջնահերթ խնդիրներից մեկը կլինի մասնակից երկրների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումը։
«Դրա համար էլ հենց գոյություն ունի ՀԱՊԿ ԽՎ-ն։ Ընդհանուր իրավական տերմինաբանություն՝ երբ մենք ասում ենք «ահաբեկիչ» կամ «ահաբեկչական կազմակերպություն», պետք է միանման հասկացվի, ինչը թույլ է տալիս կարևոր կանոնադրական հարցեր լուծել», – ասաց Վիբորնին։
Նրա խոսքով` միասնական իրավական բազան կարևոր է թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և կիբեռհանցագործության դեմ պայքարում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է բոլոր անհրաժեշտ ջանքերը ձեռնարկել իր նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ն ամրապնդելու համար։
