Դժվար թե որևէ մեկը փաստարկավորման կարիք ունենա, որ թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային ձեռնտու է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմն հաղթանակը։ Կարծում ենք, դա չեն ժխտի նաև իշխող թիմում։ Այլ բան է, որ կներկայացնեն հօգուտ իրենց. իբր՝ նորմալ է, եթե Անկարան ու Բաքուն շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ ու խաղաղությամբ, դրա համար էլ նրանց ձեռնտու է Փաշինյանի վերարտադրությունը։
Այսպես կմեկնաբանեն իշխող թիմի վերարտադրման հարցում Բաքվի և Անկարայի շահագրգռվածությունը, բայց կա մի հանգամանք, որը ստիպում է կասկածի տակ առնել, մասնավորապես, Բաքվի բարի մտադրությունները։ Բանն այն է, որ Իլհամ Ալիևն իսկապես կարող է անել մի շարք քայլեր, որոնք կնպաստեն Փաշինյանի վարկանիշի աճին, հետևաբար՝ նաև նրա հաղթանակին: Ի դեպ, կարծում ենք, որ մեծամասամբ հենց այդ համատեքստում են Ալիևն ու Փաշինյանը դեմ առ դեմ խոսել ամբողջ մեկուկես ժամ՝ Աբու Դաբիում հայտնի մրցանակի հանձնումից առաջ, մինչ երկու առաջնորդների թիմերը խոնարհ սպասում էին փողոցում։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱԼԻԵՎԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ, բացի Հայաստան ներկրվող ապրանքներն իր տարածքով անկացնել պարբերաբար թույլ տալուց։ Ազատ արձակել պատանդների՞ն։ Կարծում ենք, այդ քայլին նա դժվար թե դիմի, քանզի վստահ չէ, որ դա Փաշինյանի օգտին կլինի։ Եթե ավելի անկեղծ՝ ուզո՞ւմ է արդյոք դա Փաշինյանն ընտրություններից առաջ։
Ազատ արձակել մի քանի հոգու (իսկ կան մարդիկ, որոնք նստած են դեռևս 2020-ի հոկտեմբերից) հնարավոր է, բայց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ անհրաժեշտ է Ալիևին շանտաժի համար, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանում հաջորդ իշխանությունը։
Ալիևը կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ չսպասելով Հայաստանում սահմանադրական հանրաքվեին։ Նման բան հնարավոր է, չէ որ մարտ ամսին հրապարակվելու է փաշինյանական նոր Սահմանադրության նախագիծը։ Եթե Ալիևը տեսնի, որ իր ցանկությունը կատարված է, Սահմանադրության նախագծում հղում չկա Հայաստանի անկախության հռչակագրին՝ Լեռնային Ղարաբաղի հիշատակմամբ, ապա Ադրբեջանի նախագահն առանձնապես ոչինչ չի կորցնում։ Ընդհակառակը, խաղաղության պայմանագիրը ստորագրելու իր համաձայնությամբ կաշկանդում է հնարավոր նոր իշխանությանը «փաշինյանական պարտավորություններով»։ Բայց դրա համար Ալիևին անհրաժեշտ կլինի «անցնել» իր խոսքի վրայով. վերջնագրի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո, քանզի այդպիսին է Ադրբեջանի նախագահի ցանկությունը։
Սակայն Ալիևի ձեռքում կա Փաշինյանին սատարելու ևս մեկ գործիք, որի կիրառման համար պարտադիր չէ, որ նա փոխի իր դիրքորոշումը, ինչպես այն դեպքում, եթե որոշի խաղաղության պայմանագիր ստորագրել նախքան Հայաստանի Սահմանադրության փոփոխումը: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման կանգ առած գործընթացի մասին է։ Կանգ առած՝ այն բանից հետո, երբ Փաշինյանը 2024-ի մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանին հանձնեց Հայաստանի կողմից նախկինում վերահսկվող տարածքները Տավուշում։
Համաձայնեք, ընտրություններից առաջ Փաշինյանին ցուցաբերած ամենամեծ օգնությունը այն կլինի, եթե Ադրբեջանը համաձայնի մոտ ապագայում սահմանազատման գործընթաց իրականացնել ադրբեջանական բանակի բռնազավթած հատվածներից մեկում։ Եվ որպես գործընթացի արդյունք՝ ադրբեջանցիները հեռանան այդ տարածքներից, Հայաստանին հանձնելով վերահսկողությունը դրանց նկատմամբ։
Այ դա կլինի Փաշինյանի հաղթանակը։ Ո՜նց կցնծա նա Ադրբեջանի հետ խաղաղության նման արդյունքից։ Չի բացառվում, որ Աբու Դաբիում Փաշինյանը մեկուկես ժամ փորձել է այդ քայլին դրդել իր զրուցակցին։ Միայն թե չենք կարծում, թե հասել է ցանկալիին։ Ինչո՞ւ։
Այո, Ալիևի համար ցանկալի է Փաշինյանի հաղթանակն առաջիկա ընտրություններում։ Սակայն ադրբեջանական ստորաբաժանումների կողմից վերահսկվող տարածքը շատ ավելի կարևոր է Ադրբեջանի նախագահի համար։ Ուստի նա դժվար թե դիմի նման քայլի, թեև դա կհերքեր Փաշինյանի ընդդիմախոսների այն պնդումները, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սահմանազատումը կշարունակվի այնտեղ, որտեղ դա ձեռնտու է Ալիևին։
Սահմանազատման գործընթացի շարունակումն այնտեղ, որտեղ դա ձեռնտու է Հայաստանին, յուրօրինակ «լակմուսի թուղթ» է։ Եթե Ալիևը գնա նման քայլի, դա ոչ միայն կբարձրացնի Փաշինյանի վարկանիշը։ Հայաստանի վարչապետը կներկայացնի իրադարձությունների այդպիսի զարգացումն իբրև «խաղաղ գործընթացի» արդյունք, Ադրբեջանի նախագահի խաղաղասիրական և մարդասիրական մտադրությունների անկեղծության ապացույց։
Իսկ եթե հանուն Փաշինյանի և «խաղաղ գործընթացի» Ալիևը չանի դա, ուրեմն զավթած տարածքները նրա համար ամեն ինչից ավելի կարևոր են, իսկ Փաշինյանի գովազդած, այսպես կոչված՝ «խաղաղ գործընթացը» Ադրբեջանի նախագահի համար ոչ այլ ինչ է, քան իր արտաքին քաղաքական խնդիրների լուծման և Հայաստանի վրա հետագա ճնշման ծրագրերի գործիք: Գործիք, որից Ադրբեջանի նախագահը գերազանց օգտվում է միջազգային ասպարեզում իր հեղինակության աճի համար՝ Հայաստանի միակողմանի զիջումներին զուգահեռ։
