Логотип

Որքա՞ն գումար է ծախսվել «Էրեբունի-Երևանի» և Թաթայի համերգի տեխնիկական ապահովման համար

Երևանի քաղաքապետարանն «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումների համար ավելի քան 700 մլն դրամ է ծախսել, Armena Today-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել ենք քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Նշենք, որ 2024-ին տոնակատարության բյուջեի համեմատ 2025-ի ծախսն ավելին է շուրջ 152 մլն դրամով (152 413 792 դրամով): Նախորդ տարի, ըստ Iravaban.am-ի, հատկացվել էր 602 մլն 277 հազար 103 դրամ։

Մասնավորապես, միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևանի 2025 թվականի բյուջեից այս տարի հատկացվել է 754 690 895 դրամ, հստակեցրել են քաղաքապետարանից։

Հարցին, թե որքա՞ն է ծախսվել երգիչ Թաթա Սիմոնյանի՝ Հանրապետության հրապարակում կայացած համերգի համար, քաղաքապետարանից նշել են, որ այն իրականացվել է անվճար հիմունքներով․ ելույթը նվեր էր Երևանին։

«Քաղաքապետարանից հստակեցրել են, որ Հանրապետության հրապարակում իրականացված համերգի շրջանակում տեխնիկական ապահովման համար վերոնշյալ գումարից հատկացվել է 131 000 000 ՀՀ դրամ»,- հավելել են քաղաքապետարանից։

Հոկտեմբերի 12-ին «Էրեբունի-Երևան 2807» տոնն ամփոփվել էր գլխավոր միջոցառմամբ, որի ընթացքում Հանրապետության հրապարակում ելույթ էին ունեցել Թաթան և Լյուբով Ուսպենսկայան: Եզրափակիչ համերգն ավարտվել էր հրավառությամբ: