Логотип

ՈՐՔԱՆ ԱՎԵԼԻ Է ԼՐՋԱՆՈՒՄ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ, ԱՅՆՔԱՆ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԵՆ ԼՌՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վերջին օրերին ստացվեցին միանգամից մի քանի խիստ մտահոգիչ տեղեկություններ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և պատանդների վիճակի մասին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում իրավապաշտպանները նշում են, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո նրանք հայտնվել են բացարձակ մեկուսացման մեջ, նրանց այցելել չի թույլատրվում ոչ մի անկախ կազմակերպության, և նրանց պահման պայմանների, ֆիզիկական ու հոգեկան վիճակի մասին ոչ մի տեղեկություն չկա:

ԿԽՄԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿՎԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ, վերջին անգամ գերիներին այցելել են ավելի քան 2 ամիս առաջ՝ հունիսին։ Ըստ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի՝ կազմակերպությունը մտադիր է շարունակել Ադրբեջանի հետ բանակցություններն իր ժնևյան կենտրոնակայանից: Հասկանալի է, սակայն, որ Ալիևը նրա համար չի փակում ներկայացուցչությունն իր երկրում, որպեսզի թույլ տա ԿԽՄԿ-ին շարունակել մարդասիրական գործունեությունը, մասնավորապես՝ հայերի հետ կապված։

Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Վիգեն Էուլջեքջյանի կինը հայտնեց, որ ամուսինն արդեն 20 օրից ավելի հացադուլ է անում: «Իմ ամուսինը փորձում է իր հացադուլի միջոցով դիմել աշխարհին՝ իր և իր բանտարկյալ ընկերների համար։ Ես կորցնում եմ ամուսնուս։ Իմ ամուսնու կյանքը վտանգված է։ Նա ասաց, որ իրեն բժիշկ է պետք, որ անտանելի ցավեր ունի։ Ադրբեջանցիները նրան բժշկական օգնություն չեն տրամադրում»,- պատմեց նա։

Հիշեցնեմ, որ սա Բաքվի բանտում հայրենադարձ լիբանանահայի հայտարարած բնավ առաջին հացադուլը չէ. ապրիլին նա ստիպված էր դիմել այդ հուսահատ միջոցին՝ հեռախոսազրույց պահանջելով ընտանիքի հետ: Իսկ հիմա փորձում է իր տառապանքով և կյանքը վտանգելով հրավիրել աշխարհի ուշադրությունն այն իրավիճակի վրա, որում հայտնվել են հայ գերիները. ամոթ ու խայտառակությո՛ւն մեզ համար…

Խիստ մտահոգիչ լուր հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը. հայ գերիների շրջանում արձանագրվել են ինքնասպանության փորձերի դեպքեր։ Նրա խոսքերով՝ տեղեկատվությունը ստացվել է հարազատներից, որոնց հետ գերիները վերջերս կարողացել են խոսել հեռախոսով։ Սահակյանը հստակեցրեց, որ ինքնասպանության փորձ են կատարե ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այլ մյուս գերիները և, նրա համոզմամբ, դա կապված է հենց ԿԽՄԿ այցերի դադարեցման հետ:

Մինչդեռ, «Հրապարակ» թերթի տեղեկություններով, օգոստոսի 30-ին տեղի է ունեցել փաշինյանական ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է հայ գերիների հարցը: Պարբերականը պնդում է, որ զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, իսկ առիթը եղել է օգոստոսի 8-ին Թրամփ-Փաշինյան հանդիպման տեսագրությունը:

ԱՅԴ ԶՐՈՒՅՑԸ ԵՎ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, որտեղ Նիկոլը անթաքույց մտահոգությամբ նայում էր Թրամփի ձեռքի փաստաթղթին՝ ստուգելու համար, թե դրա մեջ ինչ-որ կերպ հո չի սպրդել գերիների հարցը, այն օրերին լայն արձագանք հարուցեց հայկական սոցցանցերում։ Հաղորդվում էր, որ Թրամփը հայտարարել է Ադրբեջանի նախագահին դիմելու մտադրության մասին՝ 23 «քրիստոնյա հայերի» ազատ արձակման խնդրանքով:

Ամենայն հավանականությամբ, գրում է թերթը, խնդրանքը հասցվել է ադրբեջանական կողմին, սակայն Բաքվին դուր չի եկել «քրիստոնյա հայեր» ձևակերպումը: Ավելին, Հաջիևը հայտարարել է խնդրանքը կատարելու անհնարինության մասին, իսկ հայկական կողմը, ըստ հրապարակման, չի ծրագրում ակտիվ քայլեր ձեռնարկել մոտ ժամանակներս գերիներին վերադարձնելու ուղղությամբ:

Այս հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվությունն այդպես էլ չտարածվեց, սակայն հոդվածի բովանդակությունը և հերքման բացակայությունը խոսում են դրա արժանահավատության օգտին: Եթե այդպես է, ապա, ըստ էության, ի չիք դարձան նաև Թրամփի ակտիվ միջամտության վերաբերյալ հույսերը, ինչին ապավինում էին նաև Ռուբեն Վարդանյանի ամերիկյան փաստաբանները: Եվ մնում է միայն գուշակել, թե որքանով է ԱՄՆ նախագահը հետևողական լինելու իր խոստման մեջ և ինչպես կարձագանքի իր անձնական խնդրանքը կատարելու Բաքվի կտրական մերժմանը։

Սակայն ամեն դեպքում վստահաբար կարելի է կրկնել այն, ինչի մասին խոսվել է բազմիցս. փաշինյանական ռեժիմը որևէ քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկելու գերիներին ազատ արձակելու համար։ Եվ բոլոր այն պնդումները, թե իբր՝ հարցը բարձրացվում է միջազգային հարթակներում, սուտ են ու երեսպաշտություն։ Դրա ամենահամոզիչ ապացույցը իշխանությունների մեռյալ լռությունն է իրավապաշտպանների վերջին հաղորդագրությունների խորապատկերին։

Արաբատի ԱԳՆ-ը ասես ջուր է առել բերանը: Եվ չի պատասխանում ամենագլխավոր հարցին. ինչո՞ւ ահա արդեն կես տարի շարունակ ոչ մի դիմում չկա Շվեյցարիայի կամ որևէ այլ երկրի իշխանություններին՝ Բաքվի բանտերում տանջվող հայերին հյուպատոսական ծառայություններ մատուցելու խնդրանքով։ ԿԽՄԿ այցերի դադարեցումից հետո այս հարցը դարձել է առավել քան հրատապ և, ըստ էության, միակ շտապ միջոցն է միջազգային իրավունքի շրջանակներում հայ գերիների իսպառ մեկուսացմանը վերջ տալու, նրանց վիճակի նկատմամբ գոնե ինչ-որ վերահսկողություն հաստատելու և ընտանիքների հետ կապ ապահովելու համար։

Այն, ինչը գոնե փոքր-ինչ ուժ է տալիս դժոխքում գտնվող մարդկանց, որոնցից ոմանք, Վիգեն Էուլջեքյջանի պես, այնտեղ են արդեն գրեթե 5 տարի:

ԱՅՍՕՐ ԿԱՐԵԼԻ Է ԼԻԱԿԱՏԱՐ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՊՆԴԵԼ, որ եթե մոտ ժամանակներս քայլեր չձեռնարկվեն մեր հայրենակիցների հետ կապ հաստատելու համար, ապա ինքնասպանության փորձերի մասին նոր հաղորդագրությունները և Բաքվի բանտերից ստացվող այլ սարսափելի լուրերն իրենց սպասեցնել չեն տա: Միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակը շատ, շատ լուրջ է, և այդ մասին պետք է ուղղակի աղաղակել աշխարհով մեկ, որպեսզի բառացիորեն փրկենք գոնե այն 23 գերիների ու պատանդների կյանքը, որոնց մասին հայտնի է պաշտոնապես:

Արգենտինահայ միջազգային իրավաբան Լուսիանա Մինասյանը, որն ակտիվորեն զբաղվում է խնդրով, հաղորդեց, որ համապատասխան նամակներ են ուղարկվել ԱՄՆ նախագահին, Արգենտինայի նախագահին, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին և նույնիսկ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային: Հայ հասարակայնությունը պարզապես պարտավոր է այդպիսի նամակների տարափ տեղալ տարբեր երկրների առաջնորդների (բացառությամբ, իհարկե, Ալիևի) և միջազգային կազմակերպությունների վրա, ինչպես նաև ձեռնարկել նման դեպքերում կիրառելի մյուս բոլոր միջոցները։

Բայց սկզբի համար՝ պահանջել և հասնել նրան, որ ՀՀ ԱԳՆ կոչեցյալը դիմի Շվեյցարիային, որի իշխանությունները, ինչպես վկայում են Արցախի նախկին պետքարտուղար Արտակ Բեգլարյանը և մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պատրաստ են նման դիմումի առկայության դեպքում հյուպատոսական ծառայություններ մատուցել և կապ հաստատել գերիների հետ։

Հակառակ դեպքում մնում է կրկին արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե պարզապես շահագրգռված չեն գերիների վերադարձով, այլ հակառակը՝ սաստիկ չեն ցանկանում դա։ Եվ հետևաբար՝ նույնքան պատասխանատու են Բաքվի բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագրի համար, որքան ցեղասպան Ադրբեջանի իշխանությունները։ Այդ թվում, Աստված մի՛ արասցե, ամենաողբերգական ելքի համար։