ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հետաձգել է իր այցը Թուրքիա, որտեղ այսօր պետք է հանդիպեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին։
Զելենսկին չորեքշաբթի ժամանել է Անկարա՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու համար։ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Ուիտկոֆը ծրագրում է այցելել Թուրքիա և հանդիպում ունենալ Զելենսկու հետ։
«Ակնկալվում էր, որ այսօր Ուիտկոֆը պետք է հանդիպեր Զելենսկու հետ Թուրքիայում, սակայն նա հետաձգել է իր այցը», – ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Զելենսկին պնդել էր, որ ցանկանում է ակտիվացնել բանակցային գործընթացը և վերսկսել գերիների փոխանակումը։ Մեկնաբանելով այս հայտարարությունը` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Թուրքիայում շփումները դեռ ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, և որ Մոսկվան Կիևից տեղեկատվություն չի ստացել բանակցությունները վերսկսելու մտադրության մասին։
Sputnik Արմենիա
