Ժնևում նոյեմբերի 23-ին կայացած բանակցությունների արդյունքներով Ուկրաինան և ԱՄՆ-ն պատրաստել են թարմացված և վերամշակված խաղաղության շրջանակային փաստաթուղթ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով համատեղ հայտարարությանը, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի և Սպիտակ տան կայքերում։
Հայտարարությունում նշվում է, որ նոյեմբերի 23-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցություններն ամերիկյան խաղաղության առաջարկի շուրջ եղել են «կառուցողական, կենտրոնացած և լի փոխադարձ հարգանքով, ինչը ընդգծել է արդար և կայուն խաղաղություն հաստատելու ընդհանուր հանձնառությունը»։
Նշվում է, որ կողմերը խորհրդակցությունները ճանաչել են արդյունավետ։
«Կողմերը հաստատել են, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է լիովին հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն ու արդար խաղաղություն», — ասվում է հայտարարությունում։
Բանակցությունների արդյունքներով կողմերը պատրաստել են թարմացված և վերամշակված խաղաղության շրջանակային փաստաթուղթ։
«Ուկրաինական պատվիրակությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և մասնավորապես անձամբ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին՝ պատերազմի ավարտին և մարդկային կյանքերի պահպանմանը ուղղված անսասան նվիրվածության և անդադար ջանքերի համար», — նշվում է համատեղ փաստաթղթում։
Ուկրաինան և ԱՄՆ-ն պայմանավորվել են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը համատեղ առաջարկների շուրջ։
Կպահպանվի նաև սերտ կապը եվրոպացի գործընկերների հետ։
Այս շրջանակային փաստաթղթի վերաբերյալ վերջնական որոշումները կընդունեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահները, ասվում է հայտարարությունում։
«Կողմերը հաստատել են պատրաստակամությունը շարունակել համատեղ աշխատանքը խաղաղություն հաստատելու համար, որը կապահովի Ուկրաինայի անվտանգությունը, կայունությունը և վերականգնումը», — եզրափակվում է փաստաթղթում։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ժնևում կայացած բանակցությունների արդյունքներով հայտնել էր, որ Վաշինգտոնի կողմից ավելի վաղ առաջարկված խաղաղության ծրագրում փոփոխություններ են կատարվում։
News.am
