Սա ուղիղ ներգործություն է ներպետական գործերին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԵՄ-ից Հայաստանին տրամադրվող աջակցությանը՝ «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»։
Մամիջանյանի խոսքով՝ Հայաստանում այսօր իշխանությունների կողմից գործածվող մեծ ծավալի արտաքին ներգործություն կա, մասնավորաբար՝ ադրբեջանական ու թուրքական։ Սակայն ընդդիմադիր պատգամավորը կասկածում է, թե Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել նրանց դեմ պայքարելու համար։
«Ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն․․․ Եթե «արտաքին ազդեցություն» ասելով՝ նկատի ունեն, որ Հայաստանում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, որը ցանկալի է Ադրբեջանի և Թուրքիայի համար (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խմբ․), ապա այո, այդ տրամաբանության մեջ ՀՀ-ում առկա է արտաքին ազդեցություն»,- նշեց Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ իր համար անհասկանալի է եվրոպացի գործընկերների քայլը՝ աջակցել մի ռեժիմի, որի օրոք Հայաստանում կան մեծ թվով քաղբանտարկյալներ, ոստիկանական բռնաճնշումներ են իրականացվում, ուզուրպացված են դատական և իրավապահ համակարգերը։
Մամիջանյանի կարծիքով՝ տեղի ունեցողի հեռու գնացող սպառնալիքներից մեկն այն է, որ Փաշինյանը հետագայում այլախոհների և ընդդիմադիրների նկատմամբ տարբեր ճնշումներ է գործադրելու՝ այդ ամենը փաթեթավորելով «արտաքին ներգործության» ներքո։
«Այս գործընթացը 2 կարևոր բաղադրիչ ունի․ նախ սա գումարի, փողի տեքսով ներգործություն է ներպետական խնդիրներին՝ ընտրական գործընթացներին, երկրորդը՝ այս որոշումն ակնհայտ է դարձնում, որ Փաշինյանի հետագա բոլոր բռնաճնշումները փաթեթավորվելու են նրա տակ, թե օտարերկրյա միջամտություն ենք չեզոքացնում»,- նշեց Մամիջանյանը։
Հավելենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով ԵՄ-ից տրամադրվող աջակցությանը, նշեց, թե ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումների է ենթարկվում տարբեր կողմերից։ Ըստ նրա՝ եվրոպական երկրներն այս առումով ունեն որոշակի գործիքակազմ, որը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Ըստ նրա՝ այստեղ որևէ միջամտություն չկա Հայաստանի ներքին գործերին։
«Սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում»,- ասաց Խանդանյանը։
Նա հակադարձեց ընդդիմադիր գործընկերներին, ասելով, թե ինչ գնահատական կտան «ռուսաստանցի օլիգարխի միջամտությանը Հայաստանի ներքին կյանքին» (նկատի ունի Սամվել Կարապետյանին` խմբ․)։ Լրագրողները հիշեցրեցին Խանդանյանին, որ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար լինելուց բացի ՀՀ քաղաքացի է։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք «հիբրիդային պատերազմի սպառնալիքներն իշխանությունները Ռուսաստանի՞ց են զգում»։ Խանդանյանը նշեց՝ ոչ միայն, ըստ նրա՝ հիբրիդային սպառնալիքները և՛ արտաքին են, և՛ ներքին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։
