Логотип

Ուշակով․ Մոսկվան ԱՄՆ-ից ստացել է ևս չորս փաստաթուղթ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ

Մոսկվան ստացել է ևս չորս փաստաթուղթ՝ որպես հավելում Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ Թրամփի 28 կետից բաղկացած նախնական պլանի, Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցը օգտակար էր և կառուցողական, հավելել է Ուշակովը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։

Գլխավորը՝ հանդիպումից

– Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ինչ-որ բանի հետ կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրի շրջանակներում, սակայն ինչ-որ բան ռուսական կողմի քննադատությունն է առաջացնում:

– Կողմերը հայտարարել են Ուկրաինայում կարգավորման հասնելու համար համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին:

– ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները Պուտինին են փոխանցել Թրամփի ողջույններն ու բարեմաղթանքները: Պուտինն ի պատասխան ողջույններ և մի շարք քաղաքական ազդակներ է փոխանցել Թրամփին:

– Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը կախված կլինի նրանից, թե ինչ առաջընթաց կգրանցվի կարգավորման ճանապարհին։

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի և Քուշների հետ տևել է գրեթե 5 ժամ։

Ուիտկոֆն այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Ռուսաստան։ Այս այցը կապված է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի քննարկման հետ։

Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմը ակտիվ աշխատում է ուկրաինական կարգավորման առաջարկների ուղղությամբ։ Վաշինգտոնի հայտարարությունների համաձայն՝ փաստաթուղթը դեռ մշակման փուլում է, սակայն Ռուսաստանի հետ շփումներն արդեն սկսվել են։

Ամերիկյան կողմը նախնական նյութեր է ուղարկել Մոսկվա, իսկ Թրամփը բազմիցս ընդգծել է բանակցություններում առկա «առաջընթացը»։

Կրեմլը հաստատում է, որ խորհրդակցություններ են ընթանում, բայց դրանք փակ են։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան «հայեցակարգը» կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրի համար, սակայն մանրամասն քննարկումներ դեռ չեն եղել։ Մոսկվան, նրա խոսքով, ակնկալում է, որ ԱՄՆ-ն կներկայացնի համաձայնեցված տարբերակ, որը կներառի Կիևի դիրքորոշումը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար, սակայն որոշումն այժմ մեծապես կախված է Ուկրաինայից, քանի որ Կիևի մանևրելու տարածքը կրճատվում է ռազմական գործողությունների ֆոնին։

Sputnik Արմենիա