Логотип

Ուշակով․ Ուկրաինական կարգավորման համաձայնագրի տեքստ չի քննարկվել ՌԴ-ի հետ

Ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագրի տեքստ դեռևս ոչ ոք չի պատրաստել և ռուսական կողմի հետ չի համաձայնեցրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ անդրադառնալով ամերիկյան կողմի այն հաղորդումներին, թե ՌԴ-ի և Ուկրաինայի միջև որոշակի համաձայնություն է ձեռք բերվել։

«Մենք այդ մասին ոչինչ չգիտենք, քանի որ համաձայնագրի տեքստ, իմ կարծիքով, ոչ ոք չի պատրաստել։ Համենայնդեպս, մեզ հետ ոչ ոք ոչինչ չի համաձայնեցրել և չի քննարկել»,-ասել է Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնականը նաև նշել է, որ Ռուսաստանը տեղեկացված է մարտի 21-ին Ֆլորիդայում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքների մասին։

Հիշեցնենք` որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ կայացան փետրվարի 17-18-ին Ժնևում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվա ավարտին նա հայտարարեց, որ քննարկումները ծանր էին, բայց գործնական։ Մեդինսկին նաև ասաց, որ առաջիկայում նոր հանդիպում կլինի։

Sputnik Արմենիա