Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, իրենց իսկ խոսքերով, իսկական պատուհաս է դարձել հազարավոր ուսուցիչների համար։ Այս տարվա թեստերը անակնկալի են բերել ուսուցիչներին, եղել են թերի, սխալներով և անհասկանալի պահանջներով, որոնք որևէ կերպ չեն արտացոլվել համապատասխան առարկաների ուղեցույցներում։
Նոյեմբերի 16-ին «Պատմություն» առարկայից կամավոր ատեստավորմանը մասնակցած բազմաթիվ ուսուցիչներից գրեթե 1000–ը չեն հաղթահարել անցողիկ 60 միավորի շեմը։ Նրանցից մեկը` Անի Մանուկյանը (հավաքել է 57 միավոր) վստահեցնում է՝ ոչ մի բովանդակային, գիտելիք պահանջող հարց թեստերում չի եղել։
«Մենք մի քանի ուսուցիչներով 7 ամիս շարունակ պարապել ենք բովանդակային հարցերի վրա, ըստ իրենց տրամադրած ուղեցույցի, բայց փաստացի ոչ մի բովանդակային հարց թեստում չի եղել։ Թեստում կային պնդումների փնջեր բաղկացած 7 կետից։ Սակայն հստակեցված չէր, որ օրինակ տվյալ պնդման փնջի մեջ պետք է նշել 3 կամ 4 ճիշտ պատասխան։ Արդյունքում, եթե ուսուցիչը 7 պնդումներից նշել է «ճիշտ են 3–ը», բայց իրականում 4–ն են, 0 միավոր է գրանցվում առաջադրանքի համար, որը շատ անարդար է։ Բացի այդ, խրթին ձևակերպված հարցեր շատ էին։ Այսինքն, եթե ուսուցիչը լավ անգիր անել կարողանում է, նա կհաղթահարի, եթե ոչ` դուրս կմնա»,–ասաց Մանուկյանը։
Նոյեմբերի 15–ին կայացած ատեստավորման հարցաշարը անակնկալի է բերել նաև «Հասարակագիտություն» դասավանդող ուսուցիչներին։
Հայարփի Խաչատրյանի խոսքով` հարցաշարի 90 %–ը վերցված է եղել 11-րդ դասարանի դասագրքից, այն դասագրքից, որն այլևս ոչ մի դպրոցում չի դասավանդվում։
«Էս հարցաշարն ամբողջությամբ բառախաղ էր։ Եթե իրավաբանները նայեն հարցաշարը, կմտածեն, որ իրավաբանականի ավարտական քննության մասին է խոսքը, ոչ թե հանրակրթական դպրոցում դասավանդող ուսուցչի ատեստացիայի մասին։ Բացի այդ, եթե կամավոր է ատեստավորումը, ես մասնակցում եմ, որովհետև ուզում եմ իմ աշխատավարձը բարձրացնեն, ի՞նչ գործ ունեն ուսուցչին գործից հանելու հետ։ Այս ամենը արհեստական լարվածություն է առաջացնում դպրոցներում։ Կատարյալ ուսուցիչներ ունենք, որ այս տարի չեն հաղթահարել ատեստացիան։ Հիմա արդեն լարված են, մտածում են աշխատանքից կազատվեն»,–ասաց Խաչատրյանը։
Նա նույնպես նշեց, որ կային խրթին առաջադրանքներ, որոնց օրինակը ուղեցույցերում չի եղել։ Չնայած նրան, որ իրենք շատ ջանք ու ժամանակ են վատնել այդ հարցերին պատասխանելու համար, ընդամենը 1 միավոր են ստացել, մինչդեռ դրանք 4 միավորանոց հարցեր են եղել։
Մեկ այլ դպրոցում աշխատող «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Աշխեն Հարությունյանը ևս համաձայնեց գործընկերոջ բարձրացրած խնդիրների հետ։
«Ես 35 տարի աշխատում եմ դպրոցում, առաջին անգամ էի փորձում, մտածում էի, որ իմ գիտելիքները կբավականացնի։ Մի քանի ամիս բոլոր ուսուցիչների պես քրտնաջան չարչարվել եմ, բայց ինձ խանգարեցին հարցերի սխալ ձևակերպումները։ Այսօր բոլորս գիտենք, թե որքան դժվար է դպրոցում աշխատելը։ Հիմա իրենց նպատակը ո՞րն է, որ «Պատմություն», «Հասարակագիտություն» դասավանդող ողջ ուսուցչական կազմը ազատվի՞ աշխատանքից։ Այսօր 1000 ուսուցիչ չի հաղթահարել ատեստացիան, իրենք կարողանալո՞ւ են այդ 1000 ուսուցչի տեղը լրացնել»,–վրդովվեց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ «Հասարակագիտությունը» կոնկրետ առարկա չէ, դա իր մեջ ներառում է դատական համակարգ, աշխատանքային իրավունք, քրեական, քաղաքացիական օրենսգրքեր, և եթե ուսուցիչները այդքան բազմակողմանի գիտելիքներ ունենան, ինչու են դպրոցում աշխատում 100.000 դրամով, փոխարենը կարող են դատավոր աշխատել։
Մեր զրուցակիցները միաբերան կրկնում են՝ չնայած ԿԳՄՍ նախարարությունից հայտարարել են, որ 50– 59 % չհաղթահարելու դեպքում ուսուցիչը չի ազատվի աշխատանքից, անգամ 3-րդ, 4-րդ անգամ, մինչև չի վերաատեստավորվի, միևնույն է, թեստից «կտրվածները» իրենց կոլեկտիվներում թիրախավորվում են ու վաղ թե ուշ ազատվում են աշխատանքից։
Նշենք, որ «Ռուսաց լեզվի» ուսուցիչների խոսքով էլ չափազանց բարդ են եղել ատեստավորման թեստերը։ Հարյուրավոր ուսուցիչներ չեն հաղթահարել անցողիկ շեմը, իսկ 200–ից ավելի ուսուցիչներ դիմում-բողոք են ներկայացրել նախարարին և վարչապետին։ Անգլերենի հետ համեմատած՝ «Ռուսաց լեզվի» ուսուցիչները խտրական մոտեցում են նկատում։
Ռուսերենի ուսուցիչ Նոնա Ժամհարյանի խոսքով` ատեստացիայի ժամանակ իրենք շփոթմունքի մեջ են եղել , չհասկանալով, թե որտե՞ղ են տեսական հարցերը, ինչո՞ւ են դրանք հանվել։
«Ամիսներ շարունակ մենք թողած թեստային հարցերը, սկսել ենք տեսական մասը վերհիշել, որպեսզի ոչ մի բան չմոռանանք, բոլորը մանրամասն կարողանանք գրել։ Մինչդեռ դրանք չեն ներառել թեստի մեջ։ Կային հարցեր, որոնց պահանջները թերի էին և երբ դիմում էինք ատեստացիան վերահսկող աշխատողներին, որպեսզի նրանք ներկայացնեին, թե ինչ պետք է անենք, չոր ու ցամաք պատասխանում էին, որ ոչինչ չգիտեն։ Այնպիսի տպավորություն էր, կարծես, արհեստական բանականության միջոցով են կազմել այդ թեստերը»,–ասաց Ժամհարյանը։
Ուսուցիչը վստահ է` նման ծավալուն թեստերին պատասխանելու համար ամենաքիչը 4-5 ժամ էր անհրաժեշտ, մինչդեռ իրենց հատկացրել էին 3 ժամ։
Ժամհարյանն ընդգծեց, որ եթե «Ռուսաց լեզուն», ժամանակին պարտադիր առաջին օտար լեզուն էր, հիմա չկա այդպիսի տարբերակում, դպրոցը ինքն է ընտրում, որ օտար լեզուն վերցնի առաջինը։ Ըստ այդմ, իրենք ենթադրում էին, որ թեստերը կպարզեցվեն, այնպես, ինչպես «Անգլերեն» առարկայինը, բայց հիմա ընդհակառակը` ավելի են բարդացրել։
«Մենք ուզում ենք հասկանալ՝ այս ամենի մեջ ինչ–որ միտում կա՞, թե՞ ոչ։ Ռուսաց լեզվի ուսուցիչների դասաժամերը կրճատեցին, հասկացանք, բայց այս ի՞նչ խտրականություն է։ Այստեղ հարցը անցնել– չանցնելը չէ, այլ այն, որ ամեն տարի գնալով բարդացնում են, տարբերակում են դնում օտար լեզուների միջև, ի՞նչն է պատճառը »,–ասաց նա։
Sputnik Արմենիան համապատասխան պարզաբանումներ ստանալու համար դիմել է ԿԳՄՍ նախարարություն։ Մեզ հայտնեցին, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ հիմա, նախարարությունը հավաքագրում է ուսուցիչների կողմից բարձրաձայնված հարցադրումները, խնդիրները ինչպես տարբեր առարկաների, այնպես էլ ընդհանուր ընթացակարգի հետ կապված, որոնք հետագայում վերլուծվում են և օգտագործվում գործընթացը բարելավելու նպատակով:
«Ընդհանուր առմամբ ունենք մի քանի առարկայի մասով ուսուցիչների կողմից դիտարկումներ: Յուրաքանչյուր ուսուցիչ բողոքարկումը ներկայացնում է համակարգում՝ նշելով իր անհամաձայնությունը և տվյալ հարցի վերաբերյալ իր մտահոգությունը։ Բողոքարկումները ստանալուց հետո 5 աշխատանքային օրերի ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է յուրաքանչյուր ներկայացված բողոքը և անհատապես պատասխանում է մասնակցին»,–հայտնեցին ԿԳՄՍՆ–ից։
Թեստերի բովանդակության համար պատասխանատու ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնից էլ վստահեցնում են, որ այն ձևակերպումը, թե թեստերը եղել են բարդ, բոլորովին չի համապատասխանում իրականությանը, քանի որ դրանք կազմվում են բացառապես դպրոցական ծրագրի շրջանակում։
«Բողոքարկման ընթացքում որևէ բովանդակային խնդիր չի հայտնաբերվել։ Եթե ուսուցիչը տիրապետում է իր դասավանդած առարկային, նա պիտի կարողանա գրել թեստը։ Եթե ուսուցիչները 60 %-ի շեմը չեն հաղթահարում և ցանկանում են բողոքարկել, դա իրենց իրավունքն է, բայց միասնական դիմում գրել այն հույսով, որ ինչքան շատ լինեն դժգոհողները, այնքան ավելի հավանական է, որ արդյունքը իրենց օգտին կլինի, մեղմ ասած, մոլորություն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ եթե բողոքարկման դիմումներում, կոնկրետ բովանդակային խնդիր է մատնացույց արվում, բնականաբար, դիմումը քննարկվում է։ ԳԹԿ–ն որևէ դիմում չի ստացել այն մասին, թե այս կամ այն առաջադրանքը դպրոցական ծրագրում չկա։
«Գոյություն ունեն խաղի ընդունված կանոններ, իրենք տեղեկացված են, և փաստացի, եթե մտնում են խաղի մեջ, ուրեմն ընդունել են խաղի այդ կանոնները։ Գալ քննություն հանձնել, անհաջողության մատնվել ու դրանից հետո աղմուկ բարձրացնել, թե ինչ–որ բան այն չէ, առնվազն ազնիվ չէ»,–ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ ԳԹԿ–ն աշխատում է ի շահ քննություն հանձնողի, և եթե խնդիրներ են լինում, իրենք անտարբեր չեն մնում, եթե դա հիմքեր ունի։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատատրյանն էլ այն կարծիքին է, որ հիմնական խնդիրը այն է, որ ԳԹԿ–ն այդ թեստերը կազմելու համար դիմում է մեկ կամ երկու մասնագետի, և ինֆորմացիայի արտահոսքից պաշտպանելու համար այդ թեստերը մասնագիտական փորձաքննություն չեն անցնում։
«Հայաստանում մենք ունենք «Քիմիայի», «Ֆիզիկայի» կամ այլ առարկաների փայլուն մասնագետներ, բայց չունենք այդ առարկաների թեստեր կազմող պրոֆեսիոնալ մասնագետներ։ Սա շատ լուրջ խնդիր է, պետք է այդ ամենն արվի ավելի ինստիտուցիոնալ ու պրոֆեսիոնալ ձևերով։ Ստացվում է՝ ԳԹԿ–ն ընտրում է մեկին, որը այս կամ այն առարկայի թեստը կազմում է, բայց հետո պարզվում է, որ կողքի աչք էր պետք, սխալներ կան»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` ամենամեծ խնդիրն այն է, որ ուսուցիչները մեծ կախվածություն ունեն թեստ գրողի «բարի կամ խիստ լինելուց»։ Եղել են դեպքեր, երբ ուսուցիչների 98 %-ը հաղթահարել է կամավոր ատեստավորումը։ Բայց հաջորդ տարի այդ նույն առարկայից ցածր ցուցանիշներ են գրանցվել։
Անդրադառնալով «Ռուսաց լեզվի» մասնագետների բողոքին, Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում անգլերենը ավելի թեթև ծրագրով են ուսումնասիրում, իսկ ռուսերենը՝ խորացված ծրագրով, ուստի թեստերի բարդությունը պետք է կապել դրա հետ, այլ ոչ թե նրա, որ ռուսերենի ուսուցիչներին վատ են վերաբերվում։
Նրա խոսքով` նույնը վերաբերում է «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաներին։ «Պատմություն» առարկայի ատեստավորումը միշտ ավելի դժվար է, քանի «Հասարակագիտություն» առարկայինը։
«Պարզ է, որ տարեց–տարի նախարարությունը պետք է գնա թեստերի որոշակի բարդացումների, որովհետև զուտ ֆինանսական տեսանկյունից նախարարությանը ձեռնտու չէ, որ բոլոր մասնագետները բարձր միավորներ ստանան, որը կհանգեցնի բարձր աշխատավարձի։ Բացի այդ, եթե ԳԹԿ–ն կազմի այնպիսի թեստեր, որտեղ մասնակիցների 90 %-ը կհաղթահարի դրանք, նշանակում է, որ անիմաստ բան ես անում։ Մյուս կողմն էլ պիտի հաշվի առնենք, որ նախարարությունը, ըստ էության, անցողիկ է համարում դրական պատասխանների 60 %-ը։ Դա բավական ցածր շեմ է։ Այսինքն, եթե անգամ թեստերը խնդիրներ ունեն, միևնույն է, ուսուցիչները 60 % պետք է հավաքեն։
Ըստ Խաչատրյանի` անորակ թեստերից ամենաշատը տուժում են բարձր միավորի հավակնորդ ուսուցիչները։
Հավելենք, որ նյութի պատրաստման փուլում տեղեկացանք, որ «Պատմություն» առարկայի բողոքարկման հանձնաժողովը որոշել է, որևէ միավոր չավելացնել ուսուցիչների արդյունքներին։ «Հասարակագիտություն» առարկայից վերանայվել է ընդամենը մեկ հարց։ Այն ուսուցիչները, որոնք դրան ճիշտ են պատասխանել, կստանան 1 միավոր, մյուս բողոքները չեն բավարարվել։ «Ռուսաց լեզվի» թեստերի հետ կապված բողոքարկումը կանցկացվի հաջորդ երեքշաբթի, բողոքը ստանալուց հետո 5 աշխատանքային օրում ձևավորվող բողոքարկման հանձնաժողովը կքննարկի և անհատապես կպատասխանի մասնակցին։
