«Հայաքվե» նախաձեռնության անդամները այցելել են Մասիս համայնքի Սիս գյուղ, որտեղ շատ արցախցիներ են ապրում։
«Եթե մենք ուզում ենք երբևիցե Արցախ վերադառնալ, մարդիկ պետք է այստեղ հավաքական կոմպակտ ապրեն, որպեսզի հետո էլ հավաքական կոմպակտ այնտեղ գնան։ Եթե ցրվեն, իրար կորցնեն, ոչ մեկ էլ չի վերադառնալու»,– նշել է «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը։
Արցախցիներից մեկը նշել է. «Ավելի լավ է փախստականի կարգավիճակում լինեմ, պահանջեմ Արցախը, քան թե ընդունեմ Հայաստանի քաղաքացիություն»։ Ի պատասխան Չալաբյանն ասել է. «Դու կարող ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունես ու շարունակես պահանջել Արցախի վերադարձը, մեկը մյուսի հետ կապ չունի։ Եթե դու ուզում ես վերադառնալ Արցախ, ուրեմն մենք այդ իրավունքը պետք է իրացնենք»։
«Հայաքվեի» անդամ Սայիդա Պողոսյանը հայտել է. որ բնակիչների հետ առաջին հերթին քննարկել են քաղաքացիության հարցը, քանի որ արցախցիներին ամենաշատը դա է հուզում, քանի որ ցանկանում են մասնակցել ընտրություններում և իրենց ներդրումը ունենալ պետականաշինության հարցում. «Հաջորդ հարցը բնակարանների խնդիրն էր, որ էլի առաջնային է իրենց համար, բազմազավակ ընտանիքների խնդիրներն են։ Զրույցների ընթացքում մենք հասկացանք, որ արցախցու կամքը անկոտրում է, և մենք շարունակելու ենք պայքարը՝ լինի այս իշխանությունների դեմ, թե իրենց հեռացնելուց հետո»։
Չալաբյանը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական պառլամենտում ելույթ ունենալուց ասել է, որ արցախահայերի վերադարձի հարցը փակված է, արցախահայերը պետք է մնան Հայաստանի Հանրապետությունում. «Հիմա եթե դուք չեք ուզում, որ այդ հարցը փակվի, չեք ուզում, որպեսզի երբևիցե վերադարձի իրավունքը հնարավոր լինի իրագործել, պետք է գնալ ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդը չվերընտրվի, որպեսզի ընտրվեն այն մարդիկ, որոնք հակառակն են ասում, ոնց որ մենք ենք հակառակ ասում։ Արցախի վերադարձի իրավունքը պետք է լինի բանակցային սեղանին, առանց դրա ոչ մի խաղաղության պայմանագիր»,– ասել է նա։
News.am
