2023 թ. ապրիլին մենք մեկնարկեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով դրա միջոցով պաշտպանել վիրավոր Արցախը, ինչպես նաև հետամուտ լինել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թեև մենք քաղաքացիների հսկայական աջակցություն ստացանք, գործող թրքահաճո վարչախումբը Ազգային ժողովում վիժեցրեց մեր ներկայացրած օրենքի նախագիծը, փորձելով առհավետ փակել Արցախի էջը․ այս մասին գրել է Ավետիք Չալաբյանը։
«2024 թ. սեպտեմբերին մենք վերակազմավորվեցինք՝ որպես ազգային քաղաքական միավորում, մեր վրա վերցնելով ազգային ինքնության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական արդարության բազմաթիվ խնդիրներ: Ողջ 2025 թվականն անցավ թեժ պայքարի մեջ, մենք մշտապես գտնվում էինք պայքարի առաջին գծում, մեր հետևողական գործունեությանը խոչընդոտելու համար նույնիսկ վարչախմբի կողմից առանձին օրենք ընդունվեց:
Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը: Երեկ կայացավ մեր միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև` պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թ. համապետական ընտրություններին: Դրանով մենք ձևավորեցինք մեր միավորման քաղաքական թևը, և որոշեցինք անմիջական քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկրի անվտանգ, ազատ և արդար ապագայի համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, համախոհներին և աջակիցներին՝ մեծ վստահության և աջակցության համար, որը թույլ տվեց մեզ հասնել այս հանգրվանին: Նաև, սիրով կսպասենք մեր բոլոր այն համախոհներին, ովքեր պատրաստ կլինեն միանալ մեզ, կամ տարբեր ձևերով աջակցել մեր մեծ գործին: Մինչ այդ, մենք առաջիկա օրերին արդեն կսկսենք ներկայացնել մեր ծրագրերը և մեր քաղաքական թիմի անդամներին, և պատրաստվել մոտալուտ ճակատագրական ընտրություններին»,- գրել է նա։
News.am
