Логотип

Չալաբյան․ Օրվա իշխանության մեղքով այսօր Հայաստանը չունի որևէ ռազմավարական դաշնակից

Այսօր Հայաստանը չունի որևէ ռազմավարական դաշնակից. գործող իշխանությունը վերջին 8 տարիների ընթացքում, անընդհատ հակադրվելով եղած դաշնակցին, նոր դաշնակցային հարաբերություններ չի ձևավորել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտարարեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա հիշեցրեց, որ ֆորմալ առումով Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, բայց անդամակցությունը սառեցված է։

«Շատ կարևոր է գիտակցել, որ Հայաստանն ապրում է` չլինելով որևէ ռազմավարական սխեմայի մեջ։ Մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ 1997 թվականին կնքված ռազմավարական համագործակցության պայմանագիր, որը փաստացի չի գործում կամ գործում է կիսատ, ուրիշ որևէ պետության հետ մենք այդ կարգի պայմանագիր չունենք»,– ասաց նա։

Չալաբյանն ընդգծեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո պետք է տեղի ունենա հստակեցում` կա՛մ եղած ռազմավարական հարաբերությունները պետք է վերանայվեն, վերաթարմացվեն ու դրանից հետո շարունակվեն բնականոն զարգանալ, կա՛մ (որ ավելի քիչ հավանական է) պետք է գտնել այլ դաշնակիցը։

«Հայաստանի նման փոքր պետությունը այսպիսի սպառնալիքներով լի տարածաշրջանում չի կարող իր հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ Հայաստանի շուրջ գտնվում են 100 միլիոնանոց բնակչությամբ շատ ագրեսիվ պետություններ, ուստի հասկանալի է, որ ռազմավարական դաշնակցային այդ դաշտը պետք է վերականգնվի իշխանափոխությունից հետո»,– ասաց նա։