Логотип

Չեմ կարծում՝ բախումների գնան․ Հովնան սրբազանը` 10 եպիսկոպոսների հրավիրած հավաքի մասին

Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը բացառում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները բախումների գնան։ Նա այդ մասին ասաց Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կատարվողը նման է Նիկոլ Փաշինյանի հավաքի։

Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին: Բազմաթիվ քաղաքացիներ, հանրային, քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Մայր աթոռ են գնալու՝ ի պաշտպանություն կաթողիկոսի և եկեղեցու։ ՀՀ ՆԳՆ-ն էլ այսօր առավոտյան հորդորեց զերծ մնալ սադրիչ գործողություններից` նշելով, որ իրականացվելու են օրենքով իրենց վերապահված գործառույթները։

«Եկեղեցին են քանդում, ու սա միայն եկեղեցու խնդիրը չէ, ազգի պառակտման խնդիրն է։ Չեմ կարծում, որ բախումների գնան, բացառվում է, որ հոգևորականը նման բան անի։ Այդ 10 հոգին չէին կարող 10 մարդ հավաքել իրենց շուրջը»,- նշեց Հովնան եպիսկոպոսը։

Նրա կարծիքով՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող բարձրաստիճան հոգևորականները միանշանակ ճնշումների տակ են։ Ընդգծեց՝ այդ եպիսկոպոսների հետ զրուցելու առիթ չի ունեցել ու չի էլ ցանկանում նրանց հետ շփվել։ Հովնան սրբազանը նշեց՝ եկեղեցին աստվածաբանորեն Հիսուս Քրիստոսի մարմինն է, ուստի այն երբեք չի կարող տուժել, իսկ եկեղեցու առաքելությունը կարող է։ Վստահեցրեց՝ եկեղեցին նման դեպքերում միշտ զորանում է։

Հարցին՝ ինչպես է տրամադրված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հովնան սրբազանն արձագանքեց՝ Վեհափառն անսասան է, ինչպես Արարատ լեռը։

Անդրադառնալով Գերագույն հոգևոր խորհրդի մի քանի անդամների լիազորությունների դադարեցմանը՝ սրբազանը շեշտեց՝ առանց այդ անդամներից որևէ մեկի ներկայության իրավունք կա նրանց վերաբերյալ որոշում կայացնելու։ Նա վստահեցրեց՝ վեհափառին ունի բոլոր լիազորությունները եկեղեցու ներսում մի շարք որոշումներ կայացնելու։ Գուգարաց թեմի առաջնորդը նաև նշեց՝ ԳՀԽ-ն խորհրդատվական մարմին է, ոչ թե գործադիր։

Ինչ վերաբերում է հոգևորականներին կարգալույծ անելուն, Հովնան եպիսկոպոսը վստահեցրեց, որ եկեղեցին երբեք արագ որոշումներ չի կայացնում։ Մինչ այդ բոլոր գործիքակազմերը սպառում է, երբ տեսնում է, որ այլևս որևէ հնարավորություն չկա, այդ քայլին է դիմում։

Sputnik Արմենիա