Логотип

Չեռնոգորիայում տասնյակ թուրքեր և ադրբեջանցիներ են ձերբակալվել. Թուրքիայի համար առանց վիզայի մուտքը կասեցվել է

Չեռնոգորիայի ոստիկանությունը հայտարարել է շաբաթավերջին Պոդգորիցայում մի խումբ թուրքերի կողմից չեռնոգորցի տղամարդու դանակահարելուց հետո տասնյակ թուրք և ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալման մասին, հաղորդում է Reuters-ը։

Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը հանգստության կոչ է արել, մինչդեռ վարչապետ Միլոկո Սպաջիչը հայտարարել է, որ իր կառավարությունը ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզայի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար և կձգտի «ինտենսիվ բանակցություններ» Անկարայի հետ ապագա վիզային համաձայնագրերի շուրջ։

Ոմն չեռնոգորցի շաբաթ երեկոյան դանակահարվել է թուրք քաղաքացիների խմբի հետ վիրավորանքներ փոխանակելուց հետո։

Կիրակի տասնյակ տեղացիներ ի պատասխան վնասել են թուրքական համարանիշներով մեքենաները և մի քանի թուրք քաղաքացիների մի պահ ստիպել փակվել խաղատանը։ Կիրակի երեկոյան Պոդգորիցայի կենտրոնի թուրքական ռեստորան են ներխուժել և հրկիզել։

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է դանակահարության միջադեպին մասնակցելու կասկածանքով երկու անձի՝ մեկ թուրք և մեկ ադրբեջանցի քաղաքացու, ինչպես նաև 45 այլ թուրք և ադրբեջանցի քաղաքացիների, որոնք կասկածվում են օրինական բնակության փաստաթղթեր չունենալու մեջ։

Ոստիկանությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալվածներից յոթին տուգանել է, ևս ութին՝ արտաքսել։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Շպաջիչի և նրա գործընկեր Էրվին Իբրահիմովիչի հետ։ Նա նշել է, թե Անկարան ակնկալում է, որ Չեռնոգորիայի իշխանությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն՝ թուրք քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար։

Միլատովիչը դատապարտել է թուրք քաղաքացիների և Թուրքիայի սեփականության վրա դաժան հարձակումները։

«Կոլեկտիվ մեղք կամ ամբողջ ազգի խարան չպետք է լինի։ Չեռնոգորիան կարիք ունի ավելի պատասխանատու ներգաղթային քաղաքականության՝ կոշտ՝ բռնության և հանցագործության դեմ պայքարում, և արդար՝ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են մեր օրենքները»,- ասել է նա։

News.am