Պարզ է, որ երբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ին անցկացվող Անվտանգության հարցերով միջազգային երրորդ համաժողովին, հասարակությունն ակնկալում էր, որ հայկական կողմից կհնչեցվի հայ ռազմագերիների տունդարձի հարցը։ Ինչպեսև Արցախի նախկին ղեկավարների դեմ ապօրինի դատավարությունների թեման։
ՀԱՅՏՆՎԵԼ ԲԱՔՎՈՒՄ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆՍՏԵԼ ՈՒ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ, իմանալով, որ բառացիորեն «պատի հետևում» 5 տարի շարունակ տառապում են բանտ նետված հայրենակիցներդ, և չհնչեցնել Հայաստան նրանց վերադարձի թեման, ծայրահեղ ցինիզմ է և անմարդկայնություն։
ՀՀ ԱԱԾ տնօրենի Ադրբեջան կատարած այցի նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե եթե Անդրանիկ Սիմոնյանը «հնարավորություն ունենա, հաստատ կտեսակցի Բաքվում գտնվող հայ գերիներին»: «Չեմ կարող ասել, թե ինչ օրակարգով է մեկնել Բաքու և ինչ խնդիրներ է բարձրացնելու։ Մի բան հաստատ է, որ եթե հնարավորություն ունենա ինչ-որ տեղ օգնելու գերիների հարցը լուծելու, անպայման նա դա անելու է, դա առաջնային հարց է բոլորի համար»,- ասաց Խաչատրյանը, հավելելով, թե «ինչքան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները նորմալիզացվեն, դա էդքան կնպաստի նաև մեր գերիների վերադարձին», և իբր՝ «հարաբերությունները պետք է նորմալիզացվեն, շատ դեպքերում՝ առանց նախապայմանի»։ Ի՞նչ «նախապայմանի» մասին է խոսքը, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կետերով Ադրբեջանը պարտավոր էր վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին դեռևս 5 տարի առաջ: Եվ կոպտորեն խախտել ու շարունակում է խախտել ստանձնած պարտավորությունները։
Ի՞նչ է նշանակում՝ «եթե Սիմոնյանը այդ հնարավորությունն ունենա, հաստատ կտեսակցի Բաքվում հայ գերիներին»։ Նման բան կարելի է հայտարարել Բաքվի տեսարժան վայրերը տեսնելու համար որպես զբոսաշրջիկ մեկնած շարքային քաղաքացու պարագայում, բայց ոչ ՀՀ ղեկավարության պաշտոնական ներկայացուցչի, որը ադրբեջանցի գործընկերների հետ պաշտոնական հանդիպմանը մասնակցում է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության հաստատման, խաղաղության պայմանագրի ուր-որ է ստորագրման» խորապատկերին և այլն։ Եվ ո՞վ պիտի ՀՀ ԱԱԾ տնօրենի համար հնարավորություն ստեղծեր տեսակցել հայ գերիներին, եթե ոչ ինքը՝ ԱԱԾ տնօրենը։ Մի՞թե Ալիևը։ Ինչ է, վերջի՞նս պիտի ասեր՝ հարգելի Անդրանիկ Սիմոնյան, քանի որ եկել եք Բաքու, չե՞ք ցանկանում բանտում այցելել ձեր հայրենակիցներին և բարձրացնել հայրենիք նրանց վերադարձի հարցը։
Ճիշտ նույն կերպ, վերոնշյալ այցի նախաշեմին որևէ ըմբռնելի բան չհնչեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերից, որը հայտարարեց. «ԱԱԾ-ն մամլո հաղորդագրություն է հրապարակել, ուրիշ ոչինչ ասել չեմ կարող»:
ՄԻ ԽՈՍՔՈՎ, ԱՄԵՆ ԻՆՉ ԹԱՆՁՐ ՄՇՈՒՇՈՎ ԷՐ ՊԱՏՎԱԾ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ։ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղեկատվություն հայտնվեց, թեպետ՝ կրկին ոչ պաշտոնական։ «Հրապարակ» օրաթերթը հաղորդեց, որ Բաքու կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ պետը փոխանցել է տասը հայ գերիների ցուցակ՝ նրանց ազատ արձակելու խնդրանքով: Պարբերականի տվյալներով՝ ցուցակում բացակայում են Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների անունները։ «Հայկական կողմը, որպես քայլ հարաբերությունների կարգավորման ճանապարհին, խնդրել է վերադարձնել Էրիկ Ղազարյանին, Լևոն Բալայանին, Դավիթ Ալավերդյանին, Մելիքսեթ Փաշայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Վասիլի Բեգլարյանին, Լյուդվիգ Մկրտչյանին, Ալյոշա Խոսրովյանին, Գուրգեն Ստեփանյանին և Մադաթ Բաբայանին»,- գրում է «Հրապարակը»: Ի պատասխան՝ Բաքուն պահանջել է ազատ արձակել սիրիացի երկու վարձկաններին՝ Մուհռաբ Մուհամմադ ալ Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից և ձերբակալվել Հայաստանում։ Թերթի տեղեկություններով՝ «ԱԱԾ տնօրենը համաձայնություն է տվել նրանց ազատ արձակմանը»։
Իհարկե, հիանալի կլինի, եթե մեր վերոհիշյալ 10 հայրենակիցները վերադառնան տուն, դա քննարկման ենթակա չէ։ Մինչդեռ ակնհայտ է ադրբեջանական կողմի շանտաժը, ինչպես միշտ։ Ադրբեջանն ամեն կերպ ջանում է ժխտել այն փաստը, որ 44-օրյա պատերազմում իր կողմից կռվել են վարձկան ահաբեկիչներ Թուրքիայից, Սիրիայից և այլն։ Փաստ, որը ժամանակին հաստատել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան։
ՀՀ քննչական կոմիտեի կայքում «Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ Մուհռաբ Մուհամմադ ալ Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի մասնակցության փաստերի առթիվ հարուցված քրեական գործի» համատեքստում գրված է հետևյալը:
«Քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և գնահատված ապացույցների համակցությամբ՝ հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը»։
Տարբերություն կա իրենց Հայրենիքը պաշտպանող մեր զինծառայողների և Հայաստանում ու Արցախում խաղաղ բնակիչների դեմ վայրագություններ ու ոճիրներ գործած վարձկան-ահաբեկիչների միջև: Կա՛, և տարբերությունն այդ ահռելի է։ Նույնքան ահռելի, որքան հանցագործի և զոհի, ագրեսորի ու պաշտպանի միջև, և նույնքան ահռելի, որքան «առանց նախապայմանների» և «շանտաժ» հասկացությունների միջև։ Շանտաժ, որում Ադրբեջանը վերջին 5 տարիների ընթացքում առանձնակի հմտացել է։