Չինաստանը մտադիր է մինչև 2029 թվականն ավելացնել Անդրսիբիրյան ազգային միջազգային միջանցքի թողունակությունը և Հայաստանը կարող է ինտեգրվել այդ միջանցքին՝ ստեղծելով տարածաշրջանային ցանց։ Այդ մասին նոյեմբերի 5-ին «Օրբելի – 2025» միջազգային ֆորումում հայտարարել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիային կից Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Վան Սյաոցյուանը։
Նա պարզաբանել է, որ ապագայում հնարավոր կլինի շարունակել Երևանը և Թեհրանը միացնող երկաթուղու կառուցումը և այդպիսով հետագայում երկաթուղային կապ կհաստատի Չինաստանի հետ՝ Չինաստան – Ղրղզստան – Ուզբեկստան երկաթուղու կառուցման շնորհիվ։ Նրա գնահատմամբ՝ այս հավակնոտ նախագիծը թույլ կտա ստեղծել նոր եվրասիական միջանցք։
Փորձագետը հիշեցրել է Չինաստանից դեպի Եվրոպա ձգվող միջանցքի մասին (Եվրասիական ցամաքային կամուրջ – խմբ.), որի շրջանակում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային հանգույցներից մեկը։ «Սակայն առայժմ դրան խոչընդոտում է տարածաշրջանային իրավիճակը, ուստի Չինաստանը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանը չափազանց կարևոր աշխարհատնտեսական դիրք ունի։
Նա հիշեցրել է, որ Չինաստանն ու Հայաստանն ռազմավարական գործընկերության ստեղծման մասին համատեղ հայտարարություն են ընդունել, որում հստակ նշված է, որ Հայաստանը, որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կառուցմանը մասնակցած առաջին երկրներից մեկը, պատրաստ է ակտիվորեն խթանել այդ նախաձեռնության և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համադրումը։
Վան Սյաոցյուանը հավելել է, որ աշխարհում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին, այս երկու նախագծերի ինտեգրումը ոչ միայն նպաստում է տարածաշրջանային ինտեգրմանը տնտեսական համագործակցության շրջանակներում, այլև աջակցում է խաղաղությանը, քաղաքական վստահությանն ու մշակութային փոխանակումներին։
«Այս երկու նախագծերի հաջող համադրման համար անհրաժեշտ է համագործակցությունը դարձնել հավասար, արդար, համակարգային, նորարարական և բաց։ Հավասարությունը նշանակում է բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի պահպանում և ահաբեկչությանն ու պրոտեկցիոնիզմին դիմակայում։ Արդարությունը նշանակում է փոխադարձ շահի և համատեղ զարգացման սկզբունք։ Համակարգային լինելը նշանակում է, որ օբյեկտների միացումը պետք է կապված լինի արտադրական շղթաների հետ՝ ընդհանուր նախագծման և ընդհանուր իրականացման համար», – ընդգծել է փորձագետը։
Վան Սյաոցյուանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման նախապայմանը համարել է խաղաղությունը։ «Ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, Հայաստանը պատմականորեն միշտ եղել է Արևելքի և Արևմուտքի քաղաքակրթությունների խաչմերուկում։ «Խաղաղության խաչմերուկը» միտված է Հայաստանը տարածաշրջանային հանգույցի վերածելուն։ Չինաստանը և Հայաստանը կարող են համատեղ մշակել հանքային ռեսուրսները, համագործակցել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ամրապնդել համագործակցությունը առաջադեմ ոլորտներում։ Չինաստանը կարող է կիսվել ինտելեկտուալ գյուղատնտեսության ոլորտի փորձով»,- եզրափակել է նա։
