Հայ հասարակությունը ալեկոծված է այսօրվա իրողությունների համար բավական մեծանշանակ հաստատությունների երկու գիտնական-ղեկավարների պաշտոնանկության (կամ հոժարակամ հեռանալու) մասին լուրերից։ Ընդ որում պաշտոնանկությունների փաստի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չկա. պատասխան ստանալու ԶԼՄ-ների բոլոր փորձերն առայժմ ապարդյուն են: Սակայն մամուլում և սոցցանցերում տարբեր տեղեկություններ են շրջում պատճառների և հանգամանքների մասին, որոնք, նշենք, բավական ճշմարտանման են։
ԽՈՍՔԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԱԽԿԻՆ (?) ՏՆՕՐԵՆ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը դեռևս զբաղեցնող Էդիտա Գզոյանի մասին է: Զուգադիպություն է պետք համարել արդյոք այս երկու միջադեպերի զուգահեռությունը, թե օրինաչափություն՝ թողնենք ընթերցողի դատին։ Այդուհանդերձ խորքային պատճառների նույնականության հետ մեկտեղ՝ այստեղ կան նաև էական տարբերություններ, որոնք համոզիչ կերպով ցույց են տալիս իրավիճակի բնորոշ առանձնահատկությունները, մասնավորապես՝ հասարակության այն շերտի վարքագծի համատեքստում, որին ընդունված է համարել գիտական մտավորականություն:
Եվ այսպես, մարտի 3-ին 24news պարբերականը նյութ էր հրապարակել Պատմության ինստիտուտի գիտխորհրդի նիստի մասին, տեղեկացնելով, որ գիտական հաստատության երկարամյա տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը հայտնի է Արցախի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշման և պատմության նենգափոխումների քննադատությամբ, հեռացել է պաշտոնից։ Լրատվամիջոցը հավաստում էր, որ նիստի ընթացքում տնօրենի պաշտոնակատար Համո Սուքիասյանը ներկայացրել է Հայաստանի բնակավայրերի թվային քարտեզի կազմման «Կադաստրի կոմիտեի պարտադրած» նախագիծը, որտեղ պետք է նշվեն հին անունները, ինչպես նաև՝ թե ովքեր են այնտեղ նախկինում ապրել: «ԳԱ»-ն արդեն գրել է այդ մասին, ուսին չենք կրկնի:
Հրապարակումից հետո Սուքիասյանը հերքեց նման քննարկման մասին տեղեկությունները։ Այդուհանդերձ մարտի 6-ին դրանք հաստատեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ վկայակոչելով իր ունեցած տվյալները։ Ելույթ ունենալով «Երաշխավորված խաղաղություն կամ «արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկման ժամանակ՝ նա հայտնեց, որ նշանակվել է Պատմության ինստիտուտի նոր տնօրենը, որը քննարկման է դրել այն հարցը, որ Հայաստանի նոր թվային քարտեզում պետք է նշվեն ադրբեջանական տեղանունները, որոնք օգտագործվել են մինչև 1991 թվականը: «Հայաստանի գործող իշխանություններն արդեն ամենաբարձր մակարդակով փորձում են կենսագործել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նախագիծը»,- հայտարարեց փորձագետը:
Մի քանի օր անց «Հրապարակ»-ը հոդված տեղադրեց այն մասին, որ ԿԳՄՍՆ ղեկավարը՝ թուրքական շահերին և անձամբ Փաշինյանին իր պաթոլոգիկ նվիրվածությամբ հայտնի տխրահռչակ Ժաննա Անդրեասյանը, առաջարկել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանին աշխատանքից ազատման դիմում գրել։ Եվ սպառնացել է. եթե հոժարակամ չհեռանա, ապա կհեռացնեն։
ԹԵՐԹԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ՝ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է վերջերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած ուղևորության ժամանակ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցի հետ: Անդրեասյանը, որը նույնպես ստիպված է եղել գնալ Ծիծեռնակաբերդ, ամեն կերպ փորձել է ստվերում մնալ, և բարձրաստիճան հյուրերին ուղեկցել է Էդիտա Գզոյանը։ Նա Վենսին և նրա տիկնոջը պատմել է Հուշահամալիրի ստեղծման պատմության, ինչպես նաև Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ) և Բաքվի ջարդերի մասին՝ հիշատակելով նաև Արցախյան ազատագրական պայքարը: Վենսին գրքեր է նվիրել Հայոց ցեղասպանության և Արցախի խնդրի մասին:
Հրապարակման համաձայն՝ տնօրենը համաձայն է ազատման դիմում գրել, սակայն ՀՑԹԻ-ի կոլեկտիվը խնդրագրով դիմել է անձամբ Փաշինյանին, որում (ուշադրությո՛ւն) ամենևին էլ չի բողոքել հնարավոր պաշտոնանկության պատճառների դեմ։ Ոչ, աշխատակիցներն ընդամենը խնդրում են «պարզաբանել Թանգարան-ինստիտուտի ղեկավարի հերթական փոփոխման պատճառները»։
«Պատկերացնու՞մ եք ինչ է տեղի ունեցել: Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող ու ժխտողական հայտարարություններ կատարող, արցախահայության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների մեջ իր հանցակցության մասին բացեիբաց հայտարարող Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմը հանդես է եկել ԽՆԴՐԱԳՐՈՎ»,- այս առնչությամբ գրում է Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
Էդիտա Գզոյանն իր պաշտոնավարման մոտ երեք տարիների ընթացքում ոչ մի անգամ չի նկատվել իշխանությունների դիրքորոշման քննադատության մեջ։ Հակառակը, երբ Նիկոլն ու իր ոհմակը խայտառակ հայտարարություններ էին անում Ցեղասպանության և նրա միջազգային ճանաչման քաղաքականության վերաբերյալ, ո՛չ անձամբ ինքը, ո՛չ էլ ՀՑԹԻ-ի աշխատակազմը հանդես չեկան նման դիրքորոշման անընդունելիության մասին հայտարարությամբ։ Ինչպես պարզվում է, բնավ ոչ պատահականորեն, քանզի, կրկնեմ, օկուպացիոն ռեժիմի պարագլխին ուղղված իրենց նամակում աշխատակիցները խնդրում են ընդամենը չփոխել տնօրենին։
Գերազանց հասկանալով հանդերձ, որ այդ «զիջման» գինը կարող է լինել մեկ բան. լիակատար համաձայնություն իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, հրաժարում որևէ տեղ և երբևէ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, Ադրբեջանում և Արցախում հայերի ցեղասպանության մասին հիշատակումից։ Իսկ հետագայում՝ համանման դիրքորոշում նաև 1915 թվականի Ցեղասպանության նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հետաքրքիր է, իսկ ինչո՞վ են այդ ժամանակ զբաղվելու ՀՑԹԻ-ի աշխատակիցները:
Վերադառնանք Աշոտ Մելքոնյանին։ Ինքն է հեռացել, թե հեռացվել է աշխատանքից, տեղեկատվություն չկա, բայց, դատելով պաշտոնակատարի նշանակումից, ակադեմիկոսի հեռանալու փաստն ինքնին հավաստի է: Սակայն այստեղ իրավիճակը հակառակն է. ըստ էության, գիտխորհրդի անդամները հրաժարվել են համաձայնել թվային քարտեզի կազմմանը, շատ լավ հասկանալով կադաստրի նախագծի իրական նպատակը: Այլ հարց է, թե կհաջողվի՞ արդյոք իշխանությանը ի վերջո հասնել իր ուզածին։ Ամենայն հավանականությամբ, դա անխուսափելի կդառնա, եթե «ՔՊ»-ն պահպանի իշխանությունը։ Երբ բոլոր դիմակները վերջնականապես դեն կնետվեն, և նույնիսկ արտաքին պարկեշտության կանոնները չեն պահպանվի։
ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ ԳԼԽԱՎՈՐԸ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ գիտական, մասնագիտական, պաշտոնական և այլ մակարդակով Արցախի թեմայի (դրա ամենալայն համատեքստով), ինչպես նաև հակամարտության տարբեր փուլերում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների հիշատակման նկատմամբ։ Եվ, համապատասխանաբար, հեռացնում են իրենց համար անցանկալի մարդկանց նույնիսկ ի վնաս իրենց՝ գալիք ընտրությունների առումով։ Լոկ կռահել կարելի է Բաքվի և Անկարայի կատաղության աստիճանը Վենսի այցից հետո. նրանց չբավարարեց նույնիսկ այն, որ ԱՄՆ փոխնախագահը ջնջեց սեփական գրառումը սոցցանցում, և նրանք պահանջեցին հեռացնել ՀՑԹԻ-ի տնօրենին:
Կմնա արդյոք Գզոյանը իր պաշտոնում իշխանության պայմաններով, թե վերջիններս կբերեն իրենց լիովին հնազանդ տնօրենի՝ էական չէ։ Շատ ավելի կարևոր են այս ամենի առավել քան ակնհայտ հեռանկարները։
«ՀՑԹԻ-ի հաջորդ տնօրենը, ըստ ամենայնի, ստիպված պետք է լինի գրավոր պարտավորագիր ստորագրել առ այն, որ չի օգտագործի «Արցախ», «էթնիկ զտում», «մշակութային ցեղասպանություն» բառերն ու ձևակերպումները, որպեսզի չվտանգի Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող կառավարությունից աշխատավարձ ստանալու իր հնարավորությունը»,- գրում է Հայկ Դեմոյանը:
Մեր կողմից հավելենք. ոչ միայն ՀՑԹԻ-ի տնօրենը, այլև ցանկացած այլ գիտնական կամ պաշտոնյա, որ կղեկավարի հայ ժողովրդի պատմության, Արցախի և Ցեղասպանության հետ որևէ, թեկուզ հեռավոր առնչություն ունեցող հաստատություն:
Հ.Գ. – Խմբագրության կողմից։ Ինչպես հայտնի դարձավ նյութի հրապարակումից հետո, Աշոտ Մելքոնյանը լքել է պաշտոնը՝ կառույցների ղեկավարների համար օրենքով սահմանված ցենզի պատճառով: Նրա համար հատուկ ստեղծվել է ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնը։
