Մանիպուլյատիվ օրակարգեր հորինելու վարպետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ մոգոնեց «Չորրորդ հանրապետություն», որը նա ոչ այն է մտադիր է կառուցել 2026-ի ընտրություններում հաղթելուց հետո, ոչ այն է արդեն սկսել է կառուցել։
«ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է որպես ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ կարգախոս, որը կկոծկի անվտանգության ոլորտում Հայաստանի ձախողումներն իր կառավարման տարիներին։ «Չորրորդ հանրապետությունը» Փաշինյանին պետք է որպես Իլհամ Ալիևի պահանջներին համապատասխան ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հիմնավորում։ «Չորրորդ հանրապետությունը» Փաշինյանին պետք է, որպեսզի ամրապնդի իր հորինած «իրական Հայաստանի» հայեցակարգը։ Հորինած՝ վերոնշյալ նույն այդ նպատակների համար. հաղթել ընտրություններում, փոխել Սահմանադրությունը։
Պետք է խոստովանել, որ որպես քաղաքական գործիչ Նիկոլը մեծապես գերազանցում է հայաստանյան քաղաքական ասպարեզում գործող մյուս բոլորին։ Հենց որպես քաղաքական, այլ ոչ թե պետական գործիչ։ Դրանց տարբերությունն, ինչպես հայտնի է, այն է, որ առաջինները, Նիկոլի պես, մտածում են գալիք ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները՝ ապագա սերունդների։
Քաղաքական գործիչներն ընտրություններում հաղթելու համար պատրաստ են ցանկացած քայլի։ Եթե պետք է ծնկի գալ՝ կգան: Պետք է բանտ նստեցնել հակառակորդին՝ մի պահ անգամ չեն երկմտի։ Պետք է թքել-մրել սեփական երկրի անցյալը, նրա պատմությունը՝ դա էլ կանեն, անկասկած։ Եթե ընդ որում այդ քաղաքական գործիչը տառապում է վեհության մոլուցքով, ապա դա ընդհանրապես սարսափելի խառնուրդ է։
Այդ մոլուցքը դրսևորվում էր Փաշինյանի լրագրող եղած ժամանակ։ Վառ դրսևորվեց 2008-ի մարտի 1-ին, երբ նա իրեն երևակայել էր բարիկադներում պայքարող «խելագարված ամբոխների» հրամանատար և բոցաշունչ ելույթներով ոգևորում էր այդ ամբոխներին։ Այդ մոլուցքը թույլ չտվեց նրան ժամանակին դադարեցնել 2020-ի պատերազմը։ Բնավ ոչ այն մտավախությունից, որ իրեն «դավաճան» կանվանեն, այլ որովհետև հավատում էր իր «աստղին», հույս ուներ բեկել ռազմական գործողությունների ընթացքը, հաղթել պատերազմում և պատմության մեջ մտնել որպես երկրորդ Տիգրան Մեծ:
Դե, իսկ հիմա… Հիմա նա եկել է այն եզրակացության, որ իշխանությունը պահելու համար անհրաժեշտ է առաջին հերթին շահել ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի կամ Թեհրանի, այլ Էրդողանի ու Ալիևի բարեհաճությունը, որպեսզի նրանցից ոչ մի վտանգ չբխի։ Որպես քաղաքական գործիչ, որի համար առավել կարևոր է ընտրություններում հաղթելը, նա իրավացի է. եթե նախընտրական շրջանում Անկարայից և Բաքվից վտանգ չսպառնա Հայաստանին, ավելին՝ լինեն ուշադրության և խրախուսանքի նշաններ, ապա դա էապես կհեշտացնի Փաշինյանի քաղաքականությունը «հաց և թամաշա» հայտնի թեզի հունով, որոնք անհրաժեշտ են ընտրազանգվածի համակրանքը շահելու համար։
Պետական գործիչը կմտածեր այն մասին, թե ինչ վտանգ է կրում Բաքվի և Անկարայի պահանջները մշտապես կատարելու քաղաքականությունը ապագա սերունդների համար։ Քաղաքականություն, որը պայմաններ է ստեղծում այնպիսի երկիր դառնալու համար, որի խնդիրը միմիայն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների սպասարկումն է։
Ավաղ, իհարկե, լոկ սա է «Չորրորդ հանրապետության» իրական բովանդակությունը, որ մտադիր է կառուցել Փաշինյանը 2026 թվականի ընտրություններում իր հաղթանակից հետո։ Հենց սա է «իրական Հայաստան» կոչեցյալ «գաղափարախոսության» իրական բովանդակությունը՝ ի հակադրում «պատմական Հայաստանի», որին հետևում է ընդդիմությունը։ Իրականում, իհարկե, ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի հակադրել. Հայաստանը մեկն է՝ իր անցյալով ու ներկայով։ Ինչպես որ չկա հակադրում «պատմական Ֆրանսիայի» և իրական Ֆրանսիայի, «պատմական Ռուսաստանի» և իրական Ռուսաստանի միջ։
Չկա ոչ մի հակադրություն։ Բայց մի պայմանով. եթե մանկուրտ չես: