Логотип

Պակիստանն արգելափակե՞լ է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի դիմումը. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը

Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ: NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվությանը, թե Պակիստանն արգելափակել է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի դիմումը՝ ի պատասխան Հնդկաստանի՝ Ադրբեջանի վերաբերյալ նմանատիպ որոշման։

«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,–տեղեկացրեց խոսնակը: