Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին, որոնք հայտնվել են Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի և հալածանքների թիրախում։
Գիտակցելով, որ այդ արշավը հակաօրինական է ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տեսանկյունից ու հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, խստորեն դատապարտում ենք Փաշինյանի և նրա որոշ աջակիցների այդ հանցավոր գործողությունները։
ՀՀ իշխանություններից պահանջում ենք.
– Անհապաղ դադարեցնել ՀԱՍԵ, Վեհափառ Հայրապետի և հոգևորականների դեմ սանձազերծած արշավը և որևէ պատրվակով այլևս երբեք չմիջամտել Եկեղեցու գործերին, ներքին կյանքին և ծեսերին։
– Անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող հոգևորականներին և դադարեցնել նրանց ապօրինի քրեական հետապնդումը։
– Ապօրինաբար զավթված Հովհաննավանքը անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը։ [Հավելում, 14 հունվարի, 2026]. Անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը ապօրինաբար զավթված Թալինի Սբ Աստվածածին եկեղեցին, Մասիս քաղաքի Սբ Թադեոս եկեղեցին և հովվատունը։
– Վերականգնել «Շողակաթ» հեռուստաընկերության հանրային կարգավիճակը և եթերը։
– Վերականգնել Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ իր ավանդական ժամին (դեկտ. 31, ժ. 23։40)։
Հաշվի առնելով, որ վերոնշյալ հակաեկեղեցական արշավը կոպտորեն խախտում է ՀՀ բազում քաղաքացիների՝ հոգևորականների և հավատացյալների, իրավունքները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում ենք կատարել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով սահմանված իր լիազորությունը.
– Ընդունել սույն հայտարարությունը որպես մարդու իրավունքների խախտման մասին բողոք և Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի ընթացքում կատարված խախտումների քննություն նախաձեռնել՝ հոգևորականների և հավատացյալների ոտնահարված իրավունքների խախտումների դեպքերը բացահայտելու և գրանցելու համար։
– Պատրաստել և հրապարակել արտահերթ զեկույց` նախորդ կետով նկարագրած իրավունքների խախտումների վերաբերյալ։
– Հրապարակային և աներկբա գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողություններին։
– Տեղեկացնել դրանց մասին համապատասխան միջազգային գործընկերներին։
Ազգային ժողովի պատգամավորներից պահանջում ենք.
– Հրապարակավ և աներկբայորեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողությունները։
– Ստեղծել քննիչ հանձնաժողով և քննել Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ և իշխանական այլ լծակների ապօրինի օգտագործումը հակաեկեղեցական և անձամբ Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավում։
Գիտակցելով ԵՄ աջակցության կարևորությունը Նիկոլ Փաշինյանի համար` հորդորում ենք ԵՄ անդամ երկրների պաշտոնյաներին դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները, ՀՀ իշխանություններից պահանջել մարդու իրավունքների և կրոնական ազատությունների վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։
Դիմում ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակաեկեղեցական արշավի պատճառով ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերն ուշադրության կենտրոնում պահելու և դրանք դատապարտելու կոչով։
Առաջարկում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենին, նույն կառույցի կրոնի և հավատքի ազատության հարցերով փորձագիտական խորհրդի անդամներին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել ԵԱՀԿ ղեկավարությանը։
Առաջարկում ենք ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի՝ կրոնի և հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել բարձր հանձնակատարին։
21 դեկտեմբերի, 2025թ.
Այսօր՝ հունվարի 15-ին, երկու հարյուրին մոտ արվեստագետներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, հանրային գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ միացել են Եկեղեցու դեմ իշխանությունների կողմից սանձազերծած արշավն անհապաղ դադարեցնելու պահանջով այս նամակին։
Ստորագրողների թարմացվող ցանկը հղումով։
