Логотип

Պահանջվում է նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել անշարժ և շարժական գույք և գումար

ՀՀ դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը` նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

– 26 անշարժ գույք.

– 7 տրանսպորտային միջոց.

– 5 իրավաբանական անձանցում մասնակցություն.

– 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

– 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Հիշեցնենք, որ Լևոն Մկրտչյանը 1998-90թթ զբաղեցրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը։

Մինչ այդ` 1990-2000 թվականներին, նա եղել է ՀՀ վարչապետի խորհրդական, 2000-2001 թվականին` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։ Այնուհետև կրկին` 2001-2003 թվականներին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ 2003-2006 թվականներին դարձել է ԱԺ պատգամավոր և ղեկավարել ՀՅԴ խմբակցությունը։ 2006-2008 թվականներին կրկին դարձել է ՀՀ կրթության և գիտության նախարար, սակայն 2008–ի հունիսին ազատվել է պաշտոնից, այնուհետև 8 տարի անց` 2016 թվականին կրկին նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։

Sputnik Արմենիա