Դատախազությունը բողոքարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը պատժի մասով, հայտնել է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։
Ըստ հայտարարության՝ դատախազությունը վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է Աջապահյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով:
Պաշտպանական թիմի կարծիքով՝ դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը:
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական:
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը: Վճիռը քննադատել էր նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:
Armenia Today