Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ ուղիղ որևէ ցուցմունք չկա։ Այս մասին դատարանի բակում ասաց սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։ Դատարանը հիմա քննում է կալանքի միջնորդությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 4–ին, ԱԱԾ–ն ձերբակալել էր նրան ՀՀ քննչական կոմիտեի շենքում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։
«Տարբեր անձինք ուղղակի կասկած են հայտնել, որ ուսապարկի մեջ հայտնված թմրանյութը Արշակ սրբազանն է դրել։ Ենթադրել են։ 2018 թ–ից քննվող գործի վերջին նիստը 2025–ի հուլիսին է եղել, և երեկ ստեղծվել է քննչական խումբ։ 7 տարի է քննում են, թե թմրանյութն ինչպես է հայտնվել ուսապարկում, քննել–քննել են, էդպես էլ չեն հասկացել»,–ասաց պաշտպանը։
Արսեն Բաբայանը այս ամենը որակեց քաղաքական որոշում, մանավանդ` դատավոր Մասիս Մելքոնյանի կատարմամբ։
Այս վարույթն իրավաբանության հետ որևէ առնչություն չունի:
Հիշեցնենք, որ Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի:
Sputnik Արմենիա
