Սպասում էինք, որ գործ կհարուցվի, բայց չէինք մտածել, որ այդ գործողությունները կարող են խուլիգանական որակվել։ Այս մասին այսօր հոկտեմբերի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
Նա նշեց, որ մարդիկ արդարացի պահանջ են ունեցել, գնացել են ՊՆ դիմաց՝ նախապես պայմանավորված հանդիպմանը, սակայն մարդկանց խաբել են, պրովոկացրել են տարբեր վիրավորական արտահայտություններով դիմելով, հրմշտոց է տեղի ունեցել։ Փաստաբանի խոսքով, Արսեն Ղուկասյանը ակցիաների ժամանակ մշտապես ասել է, որ իրենց խնդիրը ոստիկանների հետ չէ, հորդորել է ոստիկանի հանդեպ լինել հարգալից, հասկացել է, որ իրենք ծառայություն են իրականացնում։
«Սակայն չես կարող չզայրանալ, երբ որ ակցիայի ժամանակ անհետ կորածի հարազատին քաշքշում են, հարվածում են։ Սա է եղել դեպքի եղելությունը։ Մեզ համար տարօրինակ էր, որ Արսեն Ղուկասյանին հռչակել են անհետ կորած հարազատների ղեկավար, ագրեսիվ վարքագիծ դրսևորող մարդ։ Կարծես թե, եթե նա չլինի, մարդիկ ասելու են՝ լավ, մեր երեխաները չկան, չկան, նստենք տանը, սպասենք»,- ասաց Տաթև Սողոյանը։
Նա նշեց, որ Արսեն Ղուկասյանն մշտապես իր կոշտ հարցադրումներով անհարմար դրության մեջ էր դնում մի շարք պաշտոնյաների։ Սողոյանի խոսքով, անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների ակցիաների արդյունքում Ղուկասյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ ունենալու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ եղբորորդին անհետ կորած է։
Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։
News.am