Логотип

Պաշտպան․ Արսեն Ղուկասյանին կալանավորել են նրան լռեցնելու համար. սա չհիմնավորված ռեպրեսիա է

Ես կարծում եմ, որ ՊՆ–ի դիմաց այդ միջադեպը ընդամենը պատրվակ է եղել Արսեն Ղուկասյանին կալանավորելու համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի պաշտպանը։

«Ես մեկ այլ քրեական գործով կրկին իրականացրել եմ Արսեն Ղուկասյանի շահերի պաշտպանությունը, որով և արդարացվել է վերջինս։ Ներկայումս էլ ես համադրելով այս իրավիճակը, ինձ համար պարզ էր, որ թերևս իշխանությունների կողմից պարբերաբար ստեղծվել են հիմքեր, որպեսզի Արսեն Ղուկասյանը կալանավորվի և առիթն էլ օգտագործելով Արսեն Ղուկասյանի տվյալ օրը էմոցիոնալ իրավիճակը վերջինիս կալանավորել են։

Նախ այդ կալանավորումը ակնհայտ ապօրինի է եղել, մասնագետները, մասնավորապես քրեական գործերով փաստաբանություն իրականացնող իրավաբանները վստահաբար կարող են փաստել այն հանգամանքը, որ ակնհայտորեն չի եղել խափանման միջոց կալանք կիրառելու անհրաժեշտություն, սակայն անձի նկատմամբ կիրառվել է կալանք։

Նա կալանավորվել է մեկ ամսով, եթե սա Արսեն Ղուկասյանին պատժելու և ճնշելու միջոց չէ, մեկ ամսվա ընթացքում այդ ի՞նչ գործողություններ պիտի իրականացվեն, որ իրավաչափության պայմանները վերանան, օրինակ փախուստի ռիսկը, որը ակնհայտ անհիմն է եղել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ընտանիք ունի Հայաստանում, ունի մշտական բնակության վայր, աշխատանք, փախուստի հիմքերը չեզոքացված են։

Ես իրականում չգիտեմ հետագայում կերկարացվի, թե չի երկարացվի կալանքի ժամկետը, բայց ակնհայտ է, որ դա եղել է վերջինիս լռեցնելու, վերջինիս ազատ խոսքը սահմանափակելու փորձ»,–ասաց նա։

Պաշտպանի խոսքով, կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունները են, այնքան ակնհայտ են եղել, որ պարզապես այս հանգամանքներում, եթե նույնիսկ դատարանը գտնում էր, որ որևէ ձևով Ղուկասյանը կարող է խոչընդոտել վարույթի քննությանը, հանգիստ կարող էին տնային կալանք կիրառել. «կալանքի այդ բանտային պայմանները չեն կարող իր առողջության վրա չազդել և նման ձևով մարդկանց կյանքի որակի վրա ազդելով, դու հասկանում ես, որ քո պետության մեջ ընդամենը ինչ-որ անձանց, ինչ-որ պաշտոնյաների ցանկություններով մարդկանց նկատմամբ ուղղակի չհիմնավորված ռեպրեսիաներ են տեղի ունենում, և սա խայտառակություն է։

Ամեն օր Ազգային ժողովի ամբիոններից, կառավարական ամբիոններից, խոսում են ժողովրդավարության մասին։ Ի՞նչ ժողովրդավարություն մի երկրում, երբ անհետ կորածի հարազատը բարձրաձայնում է իր հարազատի խնդիրների հետ կապված հանգամանքների մասին, որ որևէ գործողություն չի իրականացվում տղաների մարմինները հայտնաբերելու ուղղությամբ, ու մարդկանց լռեցնելու համար ապօրինի կալանավորում են։ Ինչի՞ մասին է խոսքը։

Ես գտնում եմ, որ նման օրինակների վերաբերյալ չխոսելը և լռելը հետագայում հանգեցնելու է նրան, որ շատ ավելի շատ այս բռնաճնշումները շարունակվեն։

Մենք ունեցանք դեպք, երբ որ մեր էլի քաղբանտարկյալ անձանցից մեկը դատարանի դահլիճում մահացավ։ Ո՞վ պատասխան տվեց դրա համար, ոչ ոք։ Արսեն Ղուկասյանի դեպքում ո՞վ է պատասխան տալու, ոչ ոք»,– հայտարարեց նա։

Պաշտպանը պատահական չի համարում, որ կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին. «ՀՀ–ում բոլոր քաղաքական գործերով կան հստակ դատավորներ և որոնցից ամենահայտնին Մասիս Մելքոնյանն է և եթե Հայաստանի Հանրապետությունում դատավորների մի մասը բնականաբար կմերժեին կալանք կիրառելու միջնորդությունը, ապա Մասիս Մելքոնյանի պարագայում դա շատ ավելի անվտանգ, շատ ավելի ապահովված որոշում կլիներ։ Դրանով էր պայմանավորված, որ գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին։

Ես ուզում եմ մի հանգամանքի էլ անդրադառնալ. ամեն անգամ Երևան քաղաքի դատարանի նախագահի մակագրությունների համաձայն է դա տեղի ունենում և Երևան քաղաքի դատարանի նախագահը, այսինքն տվյալ ժամանակահատվածում ով իրականացնում է նման հանձնարարություններ և կոնկրետ մակագրումները իրականացնում կոնկրետ դատավորների, համահավասար պատասխանատվություն է կրում այդ դատավորների հետ իրենց ապօրինի որոշումների համար»,– ասաց նա։

News.am